News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը ձեր սեփականությունն է, իսկ իշխանությունը նման է այն վարպետին, որին դուք եք վարձել ընտրությունների միջոցով։ Իշխանությանը ցանկացած պահի կարելի է փոխել, եթե չեք հավանում նրա կատարած աշխատանքը,  Կոտայքի մարզի Արզնիի Սերգեյ Սարխոշեւի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Դպրոցականները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերով։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին՝ Վիգեն Խաչատրյանը նշել է, որ իշխանությունը ցանկանում է, որպեսզի ժողովուրդն ապրի ազատ, իսկ այդ ազատությունը հեշտ չի տրվում։ «Հարեւանների հետ պետք է ապրել խաղաղ։ Խաղաղ գոյակցությունը բացառում է ցեղասպանությունները»,- ընդգծել է նա։

Խոսելով դաշնակից երկրների աջակցության մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ այն, իհարկե, կա, սակայն պետությունը պետք է այն աստիճանի պաշտպանված լինի, որ իր վրա հարձակվել հնարավոր չլինի, իսկ դրան հասնելու համար, ըստ նրա, պետք է ունենալ ուժեղ ու հզոր բանակ, որի համար մեզ անհրաժեշտ է նույնքան ուժեղ տնտեսություն։

Աշակերտները նաեւ հետաքրքրվել են Լաչինի միջանցքի բացմանն ուղղված քայլերով, ինչին ի պատասխան՝ Վիգեն Խաչատրյանը նշել է, որ պատկան մարմինները զբաղվում են այդ ուղղությամբ՝ ընդգծելով, որ կարեւոր է նաեւ հասկանալ քայլերի հաջորդականությունը, որպեսզի միջանցքն այեւս չփակվի։ Նա փաստել է, որ խնդիրն ավելի խորքային ու վերջնական լուծում է պահանջում:

Նույն օրը խորհրդարանի հյուրերն էին նաեւ «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի աշակերտները եւ ուսուցիչները։

Նրանց հետ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը։

Աշակերտները պատգամավորին ներկայացրել են իրենց դպրոցի առանձնահատկությունները։ Նրանք պատմել են, թե ինչպես է ստեղծվել աշակերտական խորհուրդը եւ ինչ կարեւոր հարցեր ու խնդիրներ են բարձրացվում իրենց կողմից, տեղեկացրել են, որ իրենց դպրոցում խորքային ուսումնասիրում են Չինաստանի պատմությունը եւ մշակույթը։

Հյուրերը հետաքրքրվել են երկրի ներքին խնդիրներով եւ Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցով։ Մարինա Ղազարյանը տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունը տարբեր միջազգային հարթակներում բարձրացնում է հարցի լուծման ուղղությամբ խնդիրը։

«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ ցանկացած պարագայում պատերազմ չլինի։ Դիվանագիտական ճանապարհով արվում է ամեն ինչ»,- նշել է պատգամավորը։

Հյուրերը շրջել են օրենսդիր մարմնի շենքում, այցելել խորհրդարանի գրադարան ու թանգարան։

Տպել
Ամենաշատ