News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կարծիքները, թե կառավարությունն ունի արդեն կայացրած որոշում բուհերի և գիտական ինստիտուտների միավորման վերաբերյալ, ժամանակավրեպ են։ Այս մասին փետրվարի 2-ին ԳԱԱ ղեկավար կազմի և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արձագանքելով գիտնականների այն մտահոգություններին, որ կառավարությունն արդեն ունի կայացրած որոշում, և քննարկումները գիտական համայնքի հետ զուտ ֆորմալ բնույթ են կրում։ 

«Չկա կայացրած որոշում մեթոդների վերաբերյալ։ Կա կայացրած որոշում, որ պետք է լինի փոփոխություն, և կա կայացված որոշում, որ բուհերը պետք է գնան միավորման»,- ասաց նա։

Նա նշեց, որ բուհերի պոտենցիալի, ամբիոնների քանակի վերաբերյալ վերլուծություններ արվել և արվում են, և ակնհայտ է, որ բուհական ոլորտում արդյունավետության բարձրացումը օրվա խնդիր է։ «Սա առաջին հերթին բարձրագույն կրթության ռեֆորմի խնդիր է, այն ձևով, ինչպես որ այն ամրագրված է մինչև 2030 թվականի ռազմավարությունում, և թե ինչ չափով դրան պետք է միանա գիտական բաղադրիչը և ինչ ձևով, դա քննարկման թեմա է», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ ոչ-ոք գործընթացը չի պատկերացնում պարզունակ, բոլորը հասկանում են, որ գործ ունենք բազմաշերտ իրողությունների հետ, որոնք պահանջում են բազմաթիվ վերլուծություններ, և սա մի աշխատանք է, որը պետք է արվի։ «Քննարկումները պետք է լինեն մասնակցային, որովհետև որոշումների որակը կախված է դրանց մասնակցայնության աստիճանից։ Բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այն պատճառով, որ այդ որոշման պատասխանատվությունը երբեմն թվում է շատ ավելի մեծ՝ որևէ մի կառույցի կողմից իր վրա վերցնելու համար, երբեմն ավարտվում են ոչնչով։ Եվ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այս պրոցեսը չի կարող նման արդյունք ունենալ։ Այսինքն, որ որոշում կայացվելու է, և որ այդ որոշումը միանշանակ հետո նաև իրականացվելու է»,- ասաց նա։

Այն հարցին ի պատասխան՝ թե հնարավոր միավորումը ի՞նչ կտա գիտությանը, նախարաըը պատասխանեց, որ դա կտա գիտնականներ։ «Այստեղ բերվում էին թվեր, որ մենք ունենք ուղղություններ, որոնցով գրեթե չունենք ուսանողներ։ Ի վերջո, վատագույն սցենարով ունենալու ենք իրավիճակ, որ այդ ուղղությամբ զբաղվող մասնագետներ ուղղակի չենք ունենա։ Մենք նույնիսկ չենք ունենալու ուսուցիչներ։ Եվ այս պարագայում, գիտության տեսանկյունից կրթական համակարգի ինտեգրումը և համագործակցության ուժեղացումը առաջին հերթին թույլ է տալու նաև ստեղծելու այն խողովակները, որոնցով կրթական համակարգից կկարողանանք նաև նոր կադրեր ունենալ և որտեղ կկարողանանք միաժամանակ լուծել երկու խնդիր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ մենք գիտության ու կրթության ոլորտում եղած ռեսուրսը համատեղ օգտագործելու խնդիր ունենք, բայց թե որն է խնդրի լուծման լավագույն ձևը՝ ասպիրանտւրան տանել ինստիտուտ, թե ցանցային համագործակցություն, համատեղ ծրագրեր լինեն, թե դրանք լինեն մեկ իրավաբանական կարգավիճակ ունեցող կազմակերպության ներսում, այս բոլորը վերլուծելու և քննարկելու հարցեր են։

«Ի վերջո մեր պետությունը, մեր հասարակությունը պիտի կայացնի որոշում։ Ո՞ր ուղղություններն են, որ մեզ մոտ կարող են ունենալ այն պոտենցիալը, որ և՛ հանրային զարգացման, և՛ տնտեսության, և՛ գիտության զարգացման տեսանկյունից կարող են լինել ավելի հեռանկարային», - ասաց նախարարը։

Տպել
Ամենաշատ