News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն՝ պատգամավորների եւ սենատորների եկամուտների, ծախսերի եւ գույքի մասին տեղեկությունը ինտերնետում կհրպարակվի ընդհանուր ձեւով, առանց անհատական տվյալների։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Դաշնային խորհրդի՝ Սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, խորհրդարանականները կշարունակեն հայտարարագրեր ներկայացնել ընդհանուր ծավալով, դրանց ներկայացման կարգը չի փոխվի։

Սենատորի խոսքով՝ օրենքը պարզեցնում է նաեւ տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների եկամուտների եւ գույքի հայտարարագրումը, որոնք իրենց լիազորություններն իրականացնում են ոչ մշտական հիմքով։ «Եթե այժմ նրանք ամեն տարի ներկայացնում են հաշվետվողականության ամբողջ ծավալը, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նրանք հայտարարագրերը կներկայացնեն մեկ անգամ, իրենց ընտրվելուց չորս ամիս հետո, իսկ հետո՝ միայն այն դեպքում, եթե նրանք կամ նրանց ընտանիքի անդամները խոշոր գործարքներ կատարեն»,- նշել է կոմիտեի ղեկավարը։ Խոշոր ասելով նկատի են առնվում այն գումարները, որոնք գերազանցում են պատգամավորի եւ նրա կնոջ (ամուսնու) նախորդ երեք տարիների ընդհանուր եկամուտը։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2023թ. մարտի 1-ից։

Մինչ այդ գործող օրենսդրության համաձայն՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական եւ մունիցիպալ ծառայողները, ՌԴ Կենտրոնական բանկի, պետական կորպորացիաների եւ այլ կազմակերպությունների աշխատակիցները պարտավոր էին հայտարարագրեր ներկայացնել իրենց եկամուտների, ինչպես նաեւ իրենց կանանց եւ անչափահաս երեխաների եկամուտների մասին ամեն տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, ինչից հետո այդ տվյալները հրապարակվում էին ինտերնետում, այդ մարմինների եւ կազմակերպությունների կայքերում։

Դեկտեմբերին նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ պաշտոնյաների եկամուտների, ծախսերի եւ նրանց գույքի մասին այլ տեղեկությունների հայտարարագրերը  չեն հրապարակվելու գերատեսչությունների կայքերում եւ ԶԼՄ-ներում՝ հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Փաստաթուղթը նաեւ վկայում է, որ զինծառայողները՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցները, եւ պաշտոնյաները, որոնք գործուղվել են ՌԴ նոր շրջաններ, ազատվում են ոչ միայն եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրերը հրապարակելուց, այլեւ դրանք ներկայացնելուց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ