News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ սրվել են, Bunin&Co Teleg8am-ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել, զոհվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից Օրհան Ասկերովը, որը ապահովում էր օբյեկտի անվտանգությունը։ «Նման իրադարձությունները միշտ էլ փորձություն են դառնում երկկողմ հարաբերությունների համար։ Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո փորձեր են արվել հաղթահարել ճգնաժամը։ Հունվարի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Իբրահիմ Ռայիսիի միջեւ։ Իրանական կողմն իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին, իսկ Ալիեւը, կտրուկ դատապարտելով ահաբեկչությունը, հայտարարել է արագ եւ թափանցիկ հետաքննության անհրաժեշտության մասին։ Թվում է, թե գտնվել է ճգնաժամից դուրս գալու օպտիմալ ալգորիթմ»,- նշում է Մարկեդոնովը։

«Սակայն երկու նախագահների զրույցից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը խոչընդոտում է «միջազգային մակարդակով ահաբեկչության լայն բացահայտմանը միջազգային կազմակերպություններում»։ Հատկապես ընդգծվել է Թեհրանի դիրքորոշումը Չմիավորման շարժման եւ Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների կոնֆերանսում։ Պաշտոնական Բաքուն նաեւ խորհուրդ չի տվել իր քաղաքացիներին այցելել Իրան։ Իլհամ Ալիեւը կրթության նախարարի եւ Թուրքիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ տեսակոնֆերանսի ժամանակ նաեւ ընդգծել է, որ Իրանի հատուկ ծառայությունները լուրջ միջոցներ չեն ձեռնարկել իր երկրի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը համակողմանի հետաքննելու համար։ Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում լայնորեն քննարկվել է հանրապետության ՆԳՆ հատուկ գործողությունն ընդդեմ «իրանական լրտեսական ցանցի»։ Այս ամբողջ պատմությանը սրություն են հաղորդել որոշ ֆոնային գործոններ: Իրանը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել (այս դեպքի բոլոր հանգամանքները լիովին պարզված չեն, բայց դրանք արդեն հասցրել են սնուցող նյութ դառնալ դավադրության տարբեր տեսությունների համար)։ Սրան հավելելնք ԱՄՆ-ի եւ Իսրայելի բարձրաստիճան քաղաքական գործիչների մի շարք հայտարարություններ։ Արդյունքում, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ հնարավոր ռազմական էսկալացիայի լայն վարկածներ կան։ Բայց որքանո՞վ են դրանք հիմնավորված։

Նախ, ինչքան էլ ավերիչ հետեւանքներ ունենար հունվարի 27-ի ահաբեկչությունը, պետք է հաշվի առնել, որ նախկինում Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները հեշտ չեն եղել։ Դրանք լի են համակարգային խնդիրներով։ Բաքվում տարբեր մակարդակներում մեկ անգամ չէ, որ բարձրացվել է ինչպես Իսլամական Հանրապետության ադրբեջանական փոքրամասնության, այնպես էլ երկրի ներսում Իրանի կրոնական ազդեցության խնդիրը (իսկ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է): Իր հերթին Թեհրանն իր դժգոհությունն է հայտնել հարեւան երկրի եւ Իսրայելի միջեւ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։ Մտահոգություն է առաջացրել նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական կապի ամրապնդումը։ Երկրորդ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմը, որը խախտել է հին ստատուս քվոն Կովկասում, ստիպել է Թեհրանին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ուղղությանը։ Մինչեւ 2020 թվականը Իսլամական Հանրապետությունը կենտրոնացած էր Մերձավոր Արեւելքի վրա՝ Կովկասյան տարածաշրջանի հետ գործ ունենալով «մնացորդային սկզբունքով»։ Իսկ Հայաստանի հետ կապեր հաստատելու Թեհրանի փորձերը Բաքվում դիտարկում են որպես խոչընդոտ, որպեսզի Ադրբեջանը ստանա «ղարաբաղյան երկրորդ պատերազմում» հաղթանակի բոլոր պտուղները։

Սակայն, որքան էլ երկու հարեւան երկրները տարբերվեն իրենց հայացքներով, նրանց միավորում է մեկ բան. Ե՛վ Թեհրանը, եւ՛ Բաքուն կտրականապես չեն ցանկանում որեւէ մեկի դեմ պայքարել երրորդ երկրների շահերի համար։ Մինչդեռ Իրանն ու Ադրբեջանը ունեն եւ՛ ընդհանուր տնտեսական շահեր, եւ՛ այն բանի գիտակցում, որ ռազմաքաղաքական էսկալացիան կհարվածի իրենց։ Այսպիսով, այսօր բացասական սցենարի մեջ չկա կոշտ կանխորոշում»,- ամփոփում է հեղինակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ