News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Մենք արել ենք ամենակարեւորը՝ գույքագրել ենք այն, ինչ կա Արցախում։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ներդրումներ ներգրավելու, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար պետք է հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակն Արցախում։

«Ներդրումներ ներգրավելու, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար դու ինքդ պետք է նախ հասկանաս, թե ինչ ունես այստեղ, ինչ իրավիճակ է այստեղ։ Երկրորդ, մենք հստակ պարզել ենք, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչպես է աշխատում Արցախում երկրի կառավարման մեխանիզմը։ Երրորդ, մենք իսկապես տեսանք մեր նեղ տեղերը, եւ որտեղ մենք ունենք ամենաշատ խնդիրները, որտեղ մենք ունենք ամենաշատ մարտահրավերները: Հեշտ բան չէ ախտորոշել եւ հասկանալ ցավի կետերը։ Դա ժամանակ է պահանջում»,-նշել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի պետնախարարի պաշտոնում գտնվելու առաջին 100 օրվա ընթացքում նախատեսվում էր ներկայացնել հետագա քայլերի տեսլականը, եւ այժմ այն կա։ Այժմ, ըստ նախկին պետնախարարի, կա ըմբռնում, թե ինչ է պետք անել Արցախում եւ՛ կրթության, եւ՛ ենթակառուցվածքների, եւ՛ ֆինանսների ոլորտներում։

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ շրջափակումը եւ տեղաշարժվելու հնարավորության սահմանափակումը կասեցրել են շատ բաներ,  բայց շատ նախագծեր ընթացքի մեջ են, եւ դրանք իրականացվում են:

«Եթե մենք ուզում ենք համակարգ կառուցել, այլ ոչ թե պարզապես փիառ իրականացնել, ապա դա շատ համակարգված մոտեցում է պահանջում»,-պարզաբանեց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ շատ մշակումներ կան, բայց հարցն այն է, թե կօգտվի արդյոք նախագահը, իսկ այն, թե ինչպես է նա աշխատելու հաջորդ պետնախարարի հետ, կլինի նրա որոշումը։

Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնում իր փորձը գնահատել է որպես եզակի եւ ֆանտաստիկ:

Նրա խոսքով՝ կառավարության առաջին նիստում ինքը նախանշել է հինգ ճգնաժամ՝ ֆինանսական ճգնաժամ, սահմանադրական բարեփոխումների ճգնաժամ, պետության կառավարման ճգնաժամ, հնարավոր շրջափակման կամ ծանր ձմռան ճգնաժամ եւ ապատիայի ու անտարբերության ճգնաժամ:

«Ես պետք է ասեմ, որ այս բոլոր հինգ ճգնաժամները ես համարել եւ համարում եմ սկզբունքորեն կարեւոր եւ դրանց մասին խոսել եմ եւ դրանց դեմ պայքարել։ Ինչ-որ տեղ մեզ հաջողվեց ինչ-որ բան փոխել, ինչ-որ տեղ՝ ոչ, բայց գլխավորն այն է, որ մենք իսկապես մտանք այս ձմեռ ոչ այնքան պատրաստ։ Ես իսկապես խոնարհվում եմ եւ մեծ հարգանք եմ տածում այն մարդկանց հանդեպ, ովքեր դիմացել են մեզ հետ պատահած այս ամենին»,-ընդգծել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ