News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջերս կայացած ֆիզիկայի հանրապետական օլիմպիադային ամբողջ Հայաստանից մասնակցել է 87 աշակերտ, որից միայն 6-ը՝ մարզերից։ Այս մասին Էջմիածնի թիվ 5 դպրոցում ֆիզիկայի օլիմպիական խնդիրների 3 հատորանոց հայալեզու գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց դրա հեղինակ Ռոբերտ Ավանեսյանը։

«Լացս գալիս էր»,- ասաց նա՝ հավելելով, որ մարզերում կան բազմաթիվ ընդունակ երեխաներ, որոնք «կորում» են իրենց հանդեպ անբավարար «հոգածության» պատճառով։

Ավանեսյանի աշակերտներից մեկն առաջարկել էր այս շնորհանդեսն անցկացնել ԱՄՆ-ում, քանի որ նրա լավագույն աշակերտներից շատերն այժմ այնտեղ են ապրում ու աշխատում։ Բայց սա նույնպես «լացելու բան է» Ավանեսյանի համար՝ ինչո՞ւ նրանք այսօր չպետք է զարգացնեն իրենց երկիրը։

Ինքը՝ Ռոբերտ Ավանեսյանը, իր գործի այն սակավաթիվ նվիրյալներից է, որը պարզապես, իր իսկ խոսքով, «իր գործն է անում եւ փորձում է իր կռիվը տալ իր ոլորտում»։

Էջմիածնի դպրոցում հավաքվել էր հայկական ֆիզիկայի գրեթե ողջ ներկապնակը՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, Երեւանի պետական եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանների ֆիզիկայի ամբիոնների ներկայացուցչական պատվիրակությունները եկել էին կիսելու ուրախությունն իրենց գործընկերոջ հետ՝ երկար սպասված խնդրագրքի հրատարակման կապակցությամբ: Եվ նրանց այստեղ բերել է նույն բանաձեւը՝ «անել քո գործը եւ կռիվ տալ քո ոլորտում»։

Էջմիածնի թիվ 5 դպրոցի նախկին տնօրեն, իսկ այժմ՝ ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Ավանեսյանը հարուստ հետագիծ ունի՝ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի նախկին գիտաշխատող, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, Արցախյան առաջին պատերազմի կամավորական ջոկատի հրամանատար, զենքի արտադրության կազմակերպիչ։ Պատերազմից հետո նա նույնիսկ մի անգամ բենզինի աճուրդ է կազմակերպել՝ հասույթը զոհված ազատամարտիկների ընտանիքներին ուղղոլու համար։ Նա օլիմպիական շարժման ակտիվ մասնակից է, ֆիզիկայի հանրապետական օլիմպիական հանձնաժողովի անդամ, ուսուցիչների բազմաթիվ մրցույթների հաղթող՝ ինչպես ֆիզիկայից, այնպես էլ մաթեմատիկայից: Իսկ այժմ նա նաեւ օլիմպիական առաջադրանքների ժողովածուի հեղինակ է։

Դիմելով Հայաստանի դպրոցներում իր գործընկերներին՝ նա կոչ արեց երեխաներին բառացիորեն «դոշերից քաշքշել եւ ուժով սովորեցնել»՝ նրանց «ուշքի բերելու համար»։

Բոլոր բանախոսները միաձայն հայտարարեցին հանրապետությունում ֆիզիկայի հետ կապված իրավիճակն արմատապես փոխելու անհրաժեշտության մասին։ Դպրոցներում ուսուցիչների անբավարարությունը, ֆիզիկայի ֆակուլտետներում ուսանողների բացակայությունը կարող են հանգեցնել այս ոլորտում լիակատար փլուզման։ Գումարած՝ ուսուցիչների հեղինակության անկումը հասարակության մեջ:

Խնդրագրքերի խմբագիր, ինչպես նաեւ ջոկատի անդամ, որն Ավանեսյանը ղեկավարել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի Հանրապետություն կոչվող օրգանիզմը 30 տարում շատ տկարացել է, եւ դա է պատճառը այն արհավիրքի, որ այսօր ապրում ենք։ «Եթե կառավարությունները թերացել են, ապա հասարակությունը պետք է պահանջներ ձեւակերպի, եւ անհրաժեշտ է, որ նրա շարքերում լինեն այսպիսի խենթեր։ Այսօր մենք պետք է եռապատկենք մեր ջանքերը այս ծանր վիճակից դուրս գալու համար։ Եվ նման պահվածքը մեզ համար պետք է ուղենիշային լինի»,- ասաց նա։

Ֆիզիկայի օլիմպիական խնդիրների եռահատոր ժողովածուում Ռոբերտ Ավանեսյանը ներառել է Հայաստանի հանրապետական եւ տարբեր միջազգային օլիմպիադաների եւ օխնդիրներ, այդ թվում՝ իր իսկ կազմած խնդիրները։ Այստեղ ներառված են նաեւ հետաքրքիր խնդիրներ խորհրդային «Քվանտ» ամսագրից եւ ֆիզիկայի դասական խնդրագրքերից: Առաջադրանքների մի մասը ներկայացված է մանրամասն լուծումով, մյուս մասը՝ պատասխաններով։

Ժողովածուն կարող է լավ ձեռնարկ լինել ինչպես ուսուցիչների, նրանց ինքնակրթության, այնպես էլ այն աշակերտների համար, որոնք հետաքրքրություն կցուցաբերեն ֆիզիկայի հանդեպ եւ կցանկանան ինքնուրույն խորությամբ զբաղվել դրանով։ «Նպատակը մեկն է՝ ես չեմ սիրում հայրենասիրական ելույթներ ունենալ, բայց ուզում եմ, որ մեր երեխաները կրթություն ստանան, դառնան ֆիզիկայի եւ ինժեներիայի լավ մասնագետներ։ Այսօր մեր երկիրը շատ վատ վիճակում է, եւ այսօր պետք է սկսել նախապատրաստել այն երեխաներին, որոնք վաղը կկարողանան կառուցել հզոր հայրենիք, ուժեղացնել նրա ռազմական եւ պաշտպանական ներուժը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ այսօր երիտասարդ տղաները հայրենասիրության պակաս չունեն, եւ նրանք պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, բայց իր նպատակը նրանց «խելացի» ռազմիկներ դարձնելն է, որպեսզի ոչ թե ինքնաձիգները լիցքավորեն, այլ կոճակներ սեղմեն, թշնամուն գրոհելիս։

Հետաքրքիր է, որ Ռոբերտ Ավանեսյանի աշակերտուհիներից մեկը մի յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել, նրա ծննդյան օրը խնդիրների ժողովածուն գնել է Արցախի գյուղական դպրոցներից մեկի համար։ Նրա նախաձեռնությանը միացել են նաեւ Ավանեսյանի մյուս աշակերտները, եւ նրանց շնորհիվ Հայաստանի 135 գյուղական դպրոցներ արդեն ունեն այս խնդրագրքերը։

011.jpg (57 KB)

012.jpg (64 KB)

013.jpg (64 KB)

014.jpg (70 KB)

001.jpg (78 KB)

008.jpg (88 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ