News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը Ռուսաստանի Դաշնությանը դեռեւս համարում են ռազմավարական գործընկեր, հարկավոր է հարցերը քննարկել կոնկրետ մեխանիզմների միջոցով։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՌԴ-ն չի կարողանում պաշտպանել Արցախը, ապա պետք է դիմի ՄԱԿ անվտանգության խորհուրդ։

«Ես դա համարում եմ անպատասխանատու հրապարակային հայտարարություն։ Ինչո՞ւ ես դու դա անում։ Այդ հայտարարությունը հերթական դեմագոգիան է, որ դու հակառուսականություն ես սերմանում, արեւմուտքին փորձում ես սիրաշահել, եւ դրանով չես ուժեղացնում քո անվտանգության համակարգը»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ ինքը կասկածում է, թե գործընկերային քննարկումները սպառվել են.

«Եթե մենք շարունակում ենք ՀԱՊԿ համակարգի շրջանակներում ՌԴ-ի հետ բարեկամության եւ փոխադարձ օգնության պայմանագրի, ռուսական բազայի առկայության պայմաններում, այլընտրանք չունենալու դեպքում այս անվտանգության համակարգն ունենալ, նշանակում է՝ այդ տիպի հայտարարությունները պետք է ամենավերջում լինեն, երբ այլեւս այս բոլոր պայմանները չկան։ Ամեն ինչ արվում է, որ ռուսական աջակցությունը այս պայմաններում ոչ թե լինի կոնկրետ հետեւանք, այլ ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնեն, եւ պատկերացում չկա, թե ինչով պետք է փոխարինել։ Եթե ռուսական կողմն ասում է՝ դուք ադրբեջանցիների հետ ուղիղ բանակցությունների մեջ մի մտեք, եթե Արցախի անվտանգության երաշխավորը ես եմ, դուք էլ իմ հետ միասին, ինչո՞ւ եք անմիջական բանակցությունների մեջ մտնում, պայմանավորվածություններ եք ձեռք բերում՝ շրջանցելով ինձ, երբ դուք առանց մեզ Պրահայում ինչ-որ համաձայնության եք եկել»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը ցանկանում է 29 հազար քառ կմ տարածքում հանգիստ ապրե,լ ապա պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, Մինասյանն ասաց. «Հենց այստեղ է, որ միջազգային հանրությունը ձեւակերպում էր ինքնորոշման իրավունքը, հավասարազոր տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման պահանջների հետ, սա է խնդիրը, որ ՀՀ իշխանությունները պետք է առաջ տանի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ մոտեցումը եղել է ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության կողմից ընդունված մոտեցում»։

Անդրադառնալով Հռոմի ստատուտը վավերացնելուն եւ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելիության հարցին, եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության օրդեր տալուն, պատգամավորն ասաց. «Այն որոշումը, որը կայացված է Հաագայում, դա տարածաշրջանային քաղաքական եւ այլ դրսեւորումներով հանդերձ չի կարող նպաստել այն նպատակին, որի վերաբերյալ միջազգային հանրությունը բարձրաձայնում է. այն է՝ իբր հաստատել տարածաշրջանում խաղաղություն։ Ակնհայտ է, որ նման որոշում կայացնելը ոչ ավել ոչ պակաս ՌԴ նախագահի նկատմամբ առանց պատշաճ վարույթային քննություն է։ Աշխարհաքաղաքական ուժային  կենտրոնների եւ այս տարածաշրջանում թելադրող դիրք ունենալու պայքարն է, որին կարծում եմ՝ Հայաստանը չպետք է որեւէ ձեւով մասնակցի։ Երբ դու այդ ուղղությամբ, որի արդյունքում այդ նույն վեճը տեղափոխվում է քո տարածք, դու պարզապես քո քաղաքացիներին եւ քո տարածքին ենթարկում ես ագրեսիայի սպառնալիքի։ Եթե Հայաստանի իշխանությունն ունենա խելամտություն, մաքսիմալ պետք է զերծ մնա այս իրավիճակում այնպիսի քայլերից, որոնք կարող են իսկապես բերել Հայաստանին պարզապես տարածաշրջանային մի նոր թեժ կետի առաջացման: Այսօր էլ կա Միջազգային արդարադատության գործիքակազմ, որով կարող ենք եւ պետք է ստիպենք Ադրբեջանին, սանկցիաներ ու հարկադիր միջոցներ կիրառելով, Հայաստանի նկատմամբ ագրեսիան կանգնեցնել»։

Տպել
Ամենաշատ