News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում որոշեց «Գալակտիկա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գալակտիկա» ՓԲԸ-ն արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն չի ծավալում և ֆինանսական մուտքերն ապահովում է ընկերության տարածքը և շարժական գույքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց վարձավճարների հաշվին։

Ընկերությունը գտնվում է Գառնի գյուղական համայնքի վարչական տարածքում։ «Գալակտիկա» ՓԲԸ-ի անշարժ գույքն իրենից ներկայացնում է 60,0 հա մակերեսով հողատարածք և 13546.6 քառ.մ մակերեսով շենք-շինություններ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. հունվարի 26-ին դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար է համարվել ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծման նպատակով «Գալակտիկա» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունների վերապահել ՀՀ ԲՏԱ նախարարությանը:

Նշենք, որ «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքում վարձակալական հիմունքներով գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերական համալիրի վեց ընկերություն:

Ռազմարդյունաբերական կլաստերի ստեղծումով ՀՀ զինված ուժերի ու այլ ուժային կառույցների պահանջմունքի բավարարման համար գիտատեխնիկական զարգացման կանխատեսման հիման վրա կմշակվեն և կիրականացվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլաններ, հիմնարար հետազոտական և գիտատեխնիկական, ինչպես նաև նորարարական աշխատանքներ:

Հետագայում ՀՀ ԳԱԱ «Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ավարտից հետո (գտնվում է ավարտման փուլում) «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է ստեղծել դաշտային փորձարկումների RMM կայանք, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձնական արտադրամաս, որտեղ իրենց փորձարկումները կիրականացնեն նաև ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտները:

Անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունն ունի հազվագյուտ օպտիկական սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել ռազմարդյունաբերության համալիրի ռեեստրում ընդգրկված ընկերությունների կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ