News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է դատարան` պարտադրելու «Ալեքս Գրիգ» ընկերությանը` 10 տեսակի օղիներ հանել շրջանառությունից: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության ավագ փորձագետ Հայկ Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ` 8 գործի վերաբերյալ դիմումներն արդեն դատարանում են, իսկ 2-ի վերաբերյալ դիմումները կուղարկվեն առաջիկայում:

Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ տուգանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը` ռուսական եւ ուկրաինական օղիների վրա զետեղված ապրանքային նշանները ապօրինաբար ընդօրինակելու եւ սպառողներին շփոթության մեջ գցելու համար: Խոսք է գնում, մասնավորապես, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող հետեւյալ օղիների մասին` «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար», «Պառլամենտ», «Ռուսսկիյ Բրիլլիանտ», «Բուֆետնայա Տրադիցիա»:

Ու թեեւ ՏՄՊՊՀ-ն իր նախկին որոշումներով «Ալեքս Գրիգին» պարտավորեցրել էր այդ օղիները հանել շրջանառությունից, ընկերությունը դատարանում բողոքարկել է հանձնաժողովի որոշումները եւ փաստորեն ժամանակ շահել: Ցավոք` դատարանում որոշ գործերի քննությունը բավական երկար է տեւել, սակայն Հ. Կարապետյանը վստահեցրեց, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ, արդեն բոլոր գործերով դատական ակտերն ավարտվել են եւ հանձնաժողովի որոշումները թողնվել են ուժի մեջ: Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ դատարանը որոշումներ կընդունի այդ օղիները հարկադիր կարգով շրջանառությունից հանելու վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ «Երեւան Սիթի»-ի սուպերմարկետներում շարունակվում էր կեղծ օղիների վաճառքը: Արտաքին տեսքից դրանք գործնականում անհնար է տարբերել օրիգինալից, իսկ արտադրողի վերաբերյալ տեղեկատվությունը նշված է միայն ռուսերեն, մանրատառ եւ հապավումով` «Ալեքս Գրիգի» փոխարեն «АГ»: Սակայն սպառողը կարող է կողմնորոշվել գնի միջոցով` բոլոր կեղծ օղիները առնվազն կրկնակի էժան են օրիգինալից: Որպես կանոն` կեղծված օղիները վաճառվում են 0.5 լիտրը 700 դրամով: Այսպես` Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետում այդ գինն ունեն «Մեդոֆեն», «Զելյոնայա Մետկան», «Ռուսկի ստանդարտը» եւ այլն: Ի դեպ` որքան տեղյակ ենք` «Ռուսկի ստանդարտը» վերջերս է սկսվել կեղծվել, դրա արգելման վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն հատուկ որոշում չի կայացրել: Սա Ռուսաստանում արտադրվող առավել թանկ օղիներից է` 0.5 լիտրանոց օղին (օրիգինալը) մեր սուպերմարկետներում վաճառվում է մոտ 5000 դրամով:

Հուսանք, որ գոնե այս Ամանորը հայ սպառողը կդիմավորի առանց կեղծված օղիների:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ