News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Մգեցված ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ պահանջը վերաբերում է բոլորին, բացառություն չեն ոչ ծառայողական, ոչ էլ օպերատիվ ավտոմեքենաները։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«ՆԳՆ հետ քայլ չի արել, ակտն էլ առանց քննարկման չի ընդունվել։ Սա շատ վաղ ընդունված ԵԱՏՄ ակտ է: Եթե կան մարմիններ, որոնք դեռ չեն հեռացրել թաղանթները, կարծում եմ՝ կարճ ժամանակում կանեն։ Ես նման պատկերացում չունեմ, որ մեր քաղաքացին «տուգանքի մատերիալ է», որովհետեւ սա բխում է մեր հանրության անվտանգության շահերից, եւ այս հանրային բարիքին ծառայող պատասխանատվության ցանկացած միջոց տրամաբանական է։ Մեր քաղաքացիները թող չսպասեն վաղվան կամ մտածեն, որ առաջիկայում նման պահանջ չենք ունենալու եւ հեռացնեն թաղանթապատումները, որոնց պատճառով կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ անգամ եթե մուգ թաղանթապատումը գործարարանային է, միեւնույն է, քաղաքացին փոփոխությունը պետք է անի անձնական միջոցներով։

«Կա հստակ ստանդարտ՝ առջեւի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարարանային է, թե քաղաքացին ինքն է արել դա, էական չէ։ Եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ թեպետ կարգավորումն արվում է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, սակայն կոնկրետ տվյալ, թե ավտովթարներից քանիսն են լինում մգեցված ապակիների հետեւանքով, այս պահին չկա։

«Մենք անընդհատ ասում ենք՝ ճանապարհատրանսպորտային վթարների թիվն աճել է, ի՞նչ է անում ոստիկանությունը։ Մենք ունե՞նք վթարների պատճառ հանդիսացող բոլոր հանգամանքները շատ բաց գծագրված։ Մենք պայմանավորվել ենք ՏԿԵՆ-ի մեր գործընկերների հետ եւ առաջիկայում ներկայացնելու ենք շատ հստակ վիճակագրություն»,- ընդգծեց Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրեց, որ քաղաքացիներն ազատ են ցանկացած վարչարարություն բողոքարկելու հարցում, եթե համաձայն չեն դրանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ