
Ամերիկացի փաստաբան Քիմբերլի Ուեսթը նշանակվել է գլխավոր մեղադրող՝ Եվրոպական միության կողմից աջակցվող դատարանում, որը հետաքննում է Կոսովոյում ռազմական հանցագործությունները, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով դատախազությանը:
Ուեսթը փոխարինում է Ջեք Սմիթին, որը նոյեմբերին հեռացել էր Հատուկ դատախազության ղեկավարի պաշտոնից, որպեսզի դառնա ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ խորհրդական, որը վերահսկում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում պահվող գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ հետաքննությունը։
Ուեսթը ներկայումս աշխատում է Բոստոնի իրավաբանական ընկերությունում: 2008-2013 թվականներին նա եղել է Հարավսլավիայի ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների տիբունալի թիմում, որը քրեական պատասխանատվության էր ենթարկում բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին հանցագործությունների, այդ թվում՝ Բոսնիայի պատերազմի ժամանակ ցեղասպանության համար: Կարաջիչը ցմահ բանտարկված է։
Դատախազությունը կապված է Կոսովոյի հատուկ պալատների հետ՝ Կոսովոյի իրավական համակարգի ստորաբաժանման, որը ստեղծվել է Հաագայում՝ մասամբ վկաների պաշտպանության հետ կապված մտահոգությունների պատճառով:
Դատարանը եւ դատախազությունը ստեղծվել են 2011 թվականին Եվրոպայի խորհրդի զեկույցից հետո, որը վերաբերում է հանցագործությունների մեղադրանքներին, այդ թվում՝ Կոսովոյի ազատագրական բանակի անդամների կողմից 1998-1999 թվականներին Կոսովոյի անկախության պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններին:
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին այժմ դատարանում է այլ մեղադրյալների հետ, որոնք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների մեջ, որոնք կատարվել են 1998-99 թվականներին Սերբիայից անկախանալու համար իր երկրի պատերազմի ժամանակ: Թաչին եւ մյուս մեղադրյալները պնդում են իրենց անմեղությունը։