News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում:

Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Պաշտպանը մասնավորապես նշել է, որ հունիսմեկյան միջոցառումը Սոթքում անցկացնելու գաղափարն առաջացել է դեռևս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր մայիսի սկիզբ կատարած այցի ժամանակ:

«Շնորհակալ եմ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին մեր այս գաղափարին աջակցելու պատրաստակամության համար: Մեզ համար առաջնահերթություն էր այսօրվա միջոցառմանը ներգրավել մարզի սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում ենք տոն պարգևել և լինել դրա մասնակիցը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունը լցված լինի երջանկության զգացումով, և դուք շրջապատված լինեք սիրով և հոգատարությամբ»,-նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անկախ բնակավայրից և ապրելու պայմաններից բոլոր երեխաներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք և պետության առաջնահերթությունը պետք է լինի ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները:

«Կարևոր են ոչ թե կյանքի հանգամանքները, որոնց բախվում ենք, այլ այն, թե ինչպես ենք դրանց վերաբերվում և ինչ հնարավորություն ենք կարողանում դրանցից ստանալ: Կարծում եմ, կյանքի բոլոր հանգամանքներից մենք մշտապես կարող ենք շատ լուրջ հնարավորություններ քաղել ապագայի համար: Այս համատեքստում, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ մեզ համար շատ կարևոր է, որ այս օրը կարողացանք անցկացնել հենց այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների կողքին», - հավելել է նա:

Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նշելու կրկնակի առիթ էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՄԱԿ-ի Ծնողների համաշխարհային օրը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների և դեռահասների կողքին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները ու քննարկել հնարավոր լուծումները»,- նշել է Քրիսթինե Վայգանդը:

Նա հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր համայնքում երեխաներն իրավունք ունեն մեծանալ անվտանգ միջավայրում, մեծանալ առողջ, ստանալ որակյալ կրթություն և բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են զարգացման համար:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՄԻՊ-ի և այլ գործընկերների հետ՝ աջակցելու երեխաներին և նրանց ընտանիքներին թե՛ Վարդենիս համայնքում, թե՛ ամբողջ Հայաստանում», - ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։

Նրանց համար կազմակերպվել  են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻՊ աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների և պետական պատասխանատու կառույցների մասնագետների ներգրավմամբ: Թեմաներն էին հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանությունը և անվտանգությունը, երեխաների կրթությունը և սոցիալական ներառումը, բուլինգը և խտրական վերաբերմունքը, երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացումը:

Նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար նաև նկարչության ժամ է անցկացվել՝ «Իմ իրավունքները» թեմայով, իսկ «Ընտանիք և համայնք» բարեգործական  հասարակական կազմակերպությունը ցուցադրել է «Իսկական ընկեր» տիկնիկային ներկայացումը:

Տոնական օրվա ավարտին երեխաները կիսվել են իրենց տպավորություններով և ամփոփել թեմատիկ քննարկումների արդյունքները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ