
Իրաքի և Սիրիայի արտգործնախարարները Բաղդադում կիրակի կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրենց ընդհանուր սահմանով թմրաառևտրի դադարեցմանը նպաստող ուղիները, հայտնել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը, տեղեկացնում է Reuters-ը։
«Այսօր մենք քննարկել ենք Իրաքի և Սիրիայի համագործակցությունը թմրանյութերի առևտրի դեմ պայքարում։ Հայտնի է, որ Իրաքը միջանցք է թմրանյութերի առևտրի համար և, ցավոք, իրաքյան հասարակության մեջ սկսվել է թմրանյութերի օգտագործումը»,- ասել է Հուսեյնը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ համատեղ ասուլիսում։
Հուսեյնն ասել է, որ Իրաքում սիրիական փախստականների՝ շուրջ 250 հազ․ մարդու, հումանիտար ճգնաժամի հարցը նույնպես եղել է երկկողմանի բանակցությունների մասը։
Բաղդադ կատարած այցի ընթացքում Միքդադը հանդիպումներ կունենա նաև երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և Իրաքի Գերագույն դատական խորհրդի ղեկավարի հետ, տեղեկացրել է Հուսեյնը։