News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում պարտավորությունները չկատարած բազմաթիվ կազմակերպություններ սնանկության գործընթացում չեն ներկայացվում ֆինանսական առողջացման ծրագրեր և դատարանի վճռով սնանկ ճանաչվելուց հետո լուծարվում են։ Դրա հետևանքով՝ կազմակերպությունները կորցնում են իրենց կապիտալը, տնտեսական կապերը, պետությունը զրկվում է հարկատուից, փակվում են աշխատատեղեր՝ շղթայաբար տարածվելով ողջ տնտեսության վրա: NEWS.am-ը այս եզրահանգմանն է եկել՝ ուսումնասիրելով ՀՀ սնանկության դատարանում սնանկության գործերի քննության վերաբերյալ վիճակագրական տվյալները, սնանկության ոլորտում առկա իրավակարգավորումները, ինչպես նաև համադրելով սնանկության ոլորտում մասնագիտացած իրավաբանների, տնտեսագետների և փորձագետների կարծիքները։

Այսպես դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ նախորդ տարվանից փոխանցված և 2022թ ստացված իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ շուրջ 2700 գործերով ընդամենը 25 կազմակերպություն է ներկայացրել ֆինանսական առողջացման ծրագիր, որից հաստատվել է միայն 18-ը, իսկ 7-ը թողնվել առանց քննության։ 2022թ սնանկության դատարանում վարույթ ընդունված գործերով կայացվել է իրավաբանական անձին (պարտապանին) սնանկ ճանաչելու վերաբերյալ 183 վճիռ, իսկ 44 գործերով՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժվել է։ 

Կազմակերպությունները հարկադրված են դիմում սնանկության 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է։ Եթե ֆիզիկական անձանց դեպքում գերակշռում են կամավոր սնանկության դիմումները, որոնք կարող է ներկայացնել ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը, ապա իրավաբանական անձի պարագայում մեծամասամբ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ (մեկ կամ մի քանի պարտատերեր համատեղ, օրինակ՝ մատակարար ընկերությունը)։ Ասվածի ապացույցը սնանկության դատարան ուղարկված դիմումների բովանդակությունն է։ Այսպես 2022թ սնանկության դատարանը ստացել է 4058 դիմում, որից 496-ը իրավաբանական անձի սնանկության վերաբերյալ նշված դիմումներից 474-ը եղել են հարկադրված, իսկ 22-ը կամավոր սնանկության վերաբերյալ։

Առողջացման համար օրենսդրական հնարավորություններ կան, բայց ֆինանսական միջոցներ՝ ոչ

Սնանկության գործընթացի կարևոր փուլերից մեկը ֆինանսական առողջացման ծրագիրն է այն պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է, որի դեպքում պարտապանը չի լուծարվելու: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել ինչպես պարտապանը, այնպես էլ սնանկության կառավարիչը։

Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք, պարտապանի գույքի գրավադրում, ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխություն, պարտքի փոխարինումը արժեթղթերով, նոր վարկի ստացում, նոր ներդրումների իրականացում, նոր բաժնետոմսերի թողարկում կամ հետգնում և այլ միջոցառումներ:

Օրինակ՝ պարտապանը կարող է դատարան ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր, ըստ որի` իր ունեցած պարտավորությունները նախատեսում է մարել մեկ տարի ժամկետում: Թեև օրենքը հնարավորություն է տալիս իրավաբանական անձին առողջացման նպատակով գրավադնել կամ վաճառել իր գույքը, սակայն գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ սնանկության դատարան հասած կազմակերպությունների մեծ մասի գույքերն արդեն իսկ խնդրահարույց վիճակում են (արգելանքի տակ են բանկում և այլն)։ Իսկ նման իրավիճակում հայտնված կազմակերպությունների դեպքում նոր ներդրումներ ներգրավելու հավանականությունը, գրեթե զրոյական է։

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության (ԻԿԿ) տնօրեն Անդրանիկ Ելինյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց՝ թեև Հայաստանում սնանկացող կազմակերպությունների ֆինանսական առողջացման համար ստեղծված են օրենսդրական երաշխիքներ, սակայն գործնականում ո՛չ պետությունը, և ո՛չ էլ մասնավորը պատրաստ չեն ձեռք մեկնել նրանց։

«Հայաստանում կազմակերպություններն ուզում են ֆինանսական առողջացման գնալ, սակայն գործնականում չունեն հնարավարություններ։ Օրինակ՝ եղել է դեպք, երբ կազմակերպությունն առողջացման ծրագրով առաջարկել է գրավի առարկա իր գույքը հանել արգելանքից և օգտագործել առողջացման նպատակով (օրինակ շինությունն օգտագործել վարձակալական նպատակներով և մաս-մաս մարել պարտքերը), սակայն բանկը կամ վարկային կազմակերպությունը չեն համաձայնել։ Մինչդեռ այլ երկրներում, եթե կազմակերպությունը հայտնվում է ծանր վիճակում՝ պետությունը, բանկերը փորձում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի օգնեն տվյալ ընկերությանը հաղթահարելու ճգնաժամը։ Իսկ Հայաստանում կազմակերպությունները սնանկության գործընթացում միայնակ են փորձում դուրս գալ իրավիճակից։ Եթե կարող են իրենց ուժերով առողջանալ, չեն լուծարվի, եթե ոչ՝ դժվար թե որևէ մեկն աջակցի նրանց այդ հարցում»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Պարգևավճար՝ սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու դեպքում

Հաշվի առնելով սնանկության ոլորտում առկա խնդիրները՝ այդ թվում սնանկության գործերով կառավարիչների վերաբերյալ հանրային դժգոհությունները, Արդարադատության նախարարությունը դեռևս 2019թ դեկտեմբերին փոփոխություններ և լրացումներ իրականացրեց  «Սնանկության մասին» ՀՀ օրենքում (ուժի մեջ է մտել՝ 15.04.2020թ), որով փորձ կատարվեց որոշակիորեն բարելավել սնանկության ինստիտուտը: Մասնավորապես, սահմանվեցին օրենսդրական երաշխիքներ պարտապանի վերաբերյալ տեղեկատվության համապարփակ հասանելիությունն ապահովելու համար` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր պարտատիրոջը՝ կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի գործունեության, ֆինանսական վիճակի, ներառյալ` գույքագրված ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ։ Բացի այդ, կառավարչի վրա պարտականություն դրվեց տարեկան հաշվետվության շրջանակներում ֆինանսական առողջացման դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնել Արդարադատության նախարարություն: Երաշխավորվեց կառավարչի՝ հինգից տասը տոկոսի չափով պարգևավճարի ստացումը սնանկության վարույթը ֆինանսական առողջացմամբ ավարտելու դեպքում։ Փոփոխության արդյունքում, ենթադրվում էր, որ սնանկության կառավարիչները ևս պետք է շահագրգռված լինեն պարտապանի ֆինանսական առողջացմամբ, ինչն էլ իր հերթին կնպաստեր առողջացման դեպքերի խթանմանը, սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Մասնագետները վկայում են, որ գործնականում պարգևավճար ստանալու մոտիվացիան «անհետանում է» է, երբ կառավարիչը ծանոթանում է «պարտքերի մեջ խրված» կազմակերպության «անհաջողության» պատմությանը։

«Այո, սնանկության կառավարիչները ևս շահագրգռված են, որ կազմակերպությունն առողջանա, սակայն առաջին հերթին պետք է պարտապանը ցանկություն հայտնի՝ ֆինանսական առողջացման գնալու։ Եթե պարտապանն ունի խնդիրներ, որոնք որևէ կերպ չի կարող լուծել, կառավարիչն ի վիճակի չէ որևէ բան փոխելու նա միայն կարող է առաջարկներ ներկայացնել ֆինանսական միջոցներ հայթայթելն ու պարտքերը փակելը պարտապանի խնդիրն է»,-մեզ հետ զրույցում նշեց Անդրանիկ Ելինյանը։

Մինչդեռ սնանկության գործերով մասնագիտացած որոշ իրավաբաններ կարծում են, որ կառավարիչները շահագրգռված են ոչ թե պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այլ կազմակերպության՝ հնարավորինս արագ լուծարմամբ։

Փաստաբան Հայկ Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալող սնանկության կառավարիչներն առաջին հերթին շահագրգռված են, որպեսզի պարտատերերի պահանջները առավելագույնս սեղմ ժամկետներում բավարարվեն, այսինքն շուտ մարվեն պարտատերերի պարտքերը, մինչդեռ կառավարիչների գլխավոր գործառույթն ըստ նրա՝ պետք է լինի սնանկության պատճառների բացահայտումն ու վերլուծությունը։

«Առանց պարտապանի սնանկության իրական պատճառները պարզելու և ֆինանսական վիճակը գնահատելու, անհնար է ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնել։ Ցավոք, Հայաստանում քիչ են այն կառավարիչները, որոնք ունակ են վերլուծելու սնանկացման իրական պատճառները և առողջացնամն տարբերակներ առաջարկելու»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ Տիգրան Դադունցը, անդրադառնալով  Ֆինանսական առողջացման դեպքերի սակավությունը, նշեց, որ դա հետևանք է նաև այն հանգամանքի, որ սնանկության շեմին կանգնած պարտապանների մոտ չծանրաբեռնված ակտիվներ առկա չեն լինում կամ պարտապաններն ընդհանրապես գույք չեն ունենում և կենսունակ չեն լինում, իսկ գործող համակարգում առկա չեն բավարար խթաններ, որպեսզի սնանկության կառավարիչները գտնեն առողջացման տարբերակներ:

Սնանկության գործերով ֆինանսատնտեսագիտական փորձաքննություններ քիչ են նշանակվում

Խնդրի վերաբերյալ NEWS.am-ը զրուցեց նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների բաժնի պետ, դատական փորձագետ, տնտեսագիտության թեկանածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ վերջին տարիներին սնանկության գործերով դատարանի կողմից ֆինանսատնտեսագիտական փորձաքննություններ քիչ են նախաձեռնվում։

«Սա հիմք է տալիս ենթադրելու, որ դատական գործընթացում տնտեսագիտական բնագավառի հատուկ գիտելիքների կիրառմամբ՝ օրինակ՝ ընկերության անվճարունակության հատկանիշների պարզման փորձագիտական հետազոտությունների անհրաժեշտություն հազվադեպ է առաջանում։ Սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզորոշ չի քարտեզվում սնանկության գործընթացում գտնվող պարտապանի, և գուցե նաև՝ պետության շահերի տեսանկյունից: Մշտապես խնդիրներ կարող են ծագել նշանակված ժամանակավոր կառավարչի և պարտապանի ղեկավարության միջև առողջացման ծրագրի գործարկման հենց սկզբից՝ նկատի ունենալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված պահանջների՝ միայն առողջացման ծրագրի շրջանակներում պարտապանի գործունեության իրականացման, կառավարչի կողմից բոլոր միջոցառումների վերահսկողության, պարտապանի կառավարման մարմինների, այդ թվում՝ ղեկավարի գործունեության սահմանափակումների, ինչպես նաև շահերի հնարավոր բախումը բացահայտելու համատեքստում»,-նշեց Կարեն Մամիկոնյանը։ Դատական փորձագետը, հղում կատարելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածին, պարզաբանեց, որ օրենքով սահմանված կարգով մինչև դատարանի կողմից ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին որոշում ընդունելը, դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ համապատասխան փորձագիտական եզրակացություն։ Ըստ այդմ՝ տնտեսագետ դատական փորձագետը կարող է դիրքորոշում հայտնել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում նախատեսվող վերը նշված միջոցառումների իրականացման տնտեսագիտության տեսանկյունից նպատակահարմարության վերաբերյալ:

«Սնանկությունն, ըստ էության, պարտքային ճգնաժամի ծայրահեղ փուլն է, երբ կազմակերպությունն ի վիճակի չէ ժամանակին մարելու իր պարտավորություններն ու վերականգնելու վճարունակությունը՝ ակնկալվող եկամտի սեփական աղբյուրների հաշվին: Անվճարունակության հատկանիշները պարզելու, ինչպես նաև արհեստածին հնարավոր գործոնների հնարավոր հայտնաբերման համար անհրաժեշտ է, ըստ էության, ժամանակագրական կարգով գնահատել կազմակերպության անընդհատ գործունեություն իրականացնելու հնարավորությունը և օրենքով սահմանված այլ առանձնահատկություններ»,-նշեց գիտնականը։

Սնանկությունը՝ ժամանակ շահելու միջոց

Գործնականում հաճախ են լինում դեպքերը, երբ կազմակերպությունները խոշոր ֆինանսական պարտավորություններից խուսափելու նպատակով իրանք են նախաձեռնում սնանկության գործընթաց։ Խոսքը կանխամտածված սնանկության մասին է, որը ոչ բոլոր դեպքերում է բացահայտվում։ Օրինակ, երբ կազմակերպությունը խոշոր վարկային պարտավորություն է ունենում, որը դժվարանում է սպասարկել, սեփական նախաձեռնությամբ կամ այլ պարտատերի միջոցով սնանկության գործընթաց է սկսում՝ դիմելով դատարան։ Բանն այն է, որ ըստ օրենքի՝  պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային, ներառյալ` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը, ինչպես նաև այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ցանկացած տեսակի տույժերի, տոկոսների և տուգանքների հաշվեգրումը։ Հետո այդ նույն կազմակերպությունը դիմում է առանձին պարտքերի չափերի, ձևավորման ճշգրտության մասով Վերաքննիչ, հետագայում նաև Վճռաբեկ դատարան՝  ժամանակ շահելով։ Պարտքի չափի ճշգրտման դատական գործընթացը կարող է տևել տարիներ, ինչը թույլ է տալիս սնանկության գործընթացքում գտնվող կազմակերպությանը ժամանակավորապես խուսափել վարկային մարումներից՝  փաստի առաջ կանգնեցնելով պարտատերերին։ Այսինքն, կազմակերպությունը ոչ թե բողոքում է սնանկության գործընթացի, այլ՝ ներկայացված պարտքի չափի դեմ։

Տնտեսագետ Կարեն Մամիկոնյանի խոսքով՝ սնանկությանը որպես պարտավորություններից խուսափելու միջոց, հաճախ է հանդիպում նաև միջազգային պրակտիկայում, սակայն ապացուցել իրավաբանական անձի ղեկավարների կամ հիմնադիրների իրական մտադրությունները, բավական դժվար է:

«Կազմակերպության սնանկության գործընթացը, և արդյունքում նրա լուծարումը վաղուց դարձել է ռիսկերից խուսափելու միջոց: Կանխամտածված սնանկությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն անձնական շահերից ելնելով, այլև անբարեխիղճ պարտատերերի ճնշման ներքո»,-ասաց նա։

Ըստ Մամիկոնյանի՝ Հայաստանի զարգացման ներկա փուլում ակնհայտ է, որ սնանկության ինստիտուտը մի կողմից պետք է օգնի կենսունակ ընկերություններին հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, մյուս կողմից՝ օրենսդրական ճանապարհով դուրս մղել տնտեսությունից անհեռանկարային արտադրություններն ու ծառայությունները։ 

«Իրողության սահմաններն այսպիսով հնարավորինս պետք է հստակ գծվեն, իսկ այդ նպատակի արդյունավետ իրականացման նկատառումից ելնելով անհրաժեշտ է կազմակերպության անվճարունակության հատկանիշների փորձագիտական հետազոտություն՝ գիտականորեն ​​հիմնավորված մեթոդական մոտեցումների կիրառմամբ, որից հետո է, թերևս միայն հնարավոր օբյեկտիվորեն և հավաստի կերպով գնահատել կազմակերպության սնանկության գործընթացի իրավական և տնտեսագիտական բոլոր ասպեկտները»,-ընդգծեց տնտեսագետ գիտնականը։

Ամփոփելով նշենք, որ սնանկացման գնացող կազմակերպությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ինչպես բանկերի, այնպես էլ պետության համար, և շատ հաճախ նման կազմակերպություններին ոտքի կանգնեցնելը ավելի մեծ ֆինանսական ռեսուսներ է պահանջում։

Այսպիսով, մնում է արձանագրել, որ առկա օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան վկայում են այն մասին, որ սնանկության գործընթացը հիմնականում նպաստում է «հիվանդ» կազմակերպություններից հնարավորինս շուտ ազատվելուն, իսկ սնանկության դատարանին մնում է արձանագրել «հիվանդ» կազմակերպության «մահը»։ 

Թագուհի Մելքոնյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ