ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեղք է համարում Իշխան Սաղաթելյանի մասով ինչ-որ մեկնաբանություն անելը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն, Իշխան Սաղաթելյանը հայտարարել են, թե նոր դիմադրություն են սկսում:

ԱԺ-ում լրագրողների հարցին, թե մտավածություն չունե՞ն, որ այս անգամ նրանք կհաջողեն եւ իշխանափոխության կհասնեն, Ալեն Սիմոնյանն ասաց. « «Թող հաջողեն, 2-3 տոկոսից ավելի ձայն պետք է հավաքեն եւ դրանով զբաղվեն: Իշխան Սաղաթելյանի մասով էլ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ՝ քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի: Իր գործընկերներն իրեն տենց առաջ են բրդում հնարավորինս մինչև վերջ իրեն սպառելու համար,  ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ  գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում է: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն», - ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա հավելեց, որ իրենց քննարկումներում ներքին քաղաքական դաշտի մասին հարցը շատ փոքր մասն է կազմում, որովհետեւ իրենք իրենց հենակետ են տեսնում Հայաստանի ժողովրդին. «Քանի դեռ ժողովուրդը հասկանում է, քանի դեռ կարողանում ենք բացատրել, ինչ ուզում են, թող անեն: Մենք ենք իրենց այդ ազատությունը տվել: Ուրախ ամառ իրենց»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա չցանկացավ անդրադառնալ «Գելափի» հարցումներին՝ հայտարարելով, որ չի հավատում նման հարցումներին. «Նաեւ չեմ հավատում ռուսերեն տառերով հայրենասիրության մասին գրող այն էջերին, որոնք փորձում են իրականություն ձեւավորել: Իրականությունը լրիվ այլ է»: