News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կողբի (Ղռեր) կիսակառույց հյուրատան երկրորդ հարկում են բնակվում Արևմտյան Աֆրիկայից ժամանած սևամորթ տղաները՝ Էրիկ Օպպոնգն ու Աջեյ Ասամոան։ Երևանյան լճի հարակից շրջանում գտնվող այս թաղամասում տեղացիների հետ համերաշխ այլ օտարազգիներ էլ են ապրում՝ ռուսներ, հնդիկներ, իրանցիներ, բայց աֆրիկացիների այս թաղերում առաջին անգամ են տեսնում։ 

32-ամյա Աջեյ Ասամոան Գանայի երկրորդ ամենախոշոր քաղաքից է՝ Կումասիից։ Շուրջ յոթ ամիս առաջ է ժամանել Երևան՝ ուսումն այստեղ շարունակելու նպատակով։ Այժմ սովորում է Հայ-ռուսական միջազգային համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրայում։

«Իրականում ես ցանկանում էի մեկնել Միացյալ Նահանգներ, բայց չստացվեց։ Կրտսեր եղբայրս, ով ավելի վաղ էր ժամանել Հայաստան, խորհուրդ տվեց ինձ այստեղ սովորել։ Եվ ես հայտնվեցի Երևանում»,-ասաց Աջեյը։ Միակ խնդիրը, որին Հայաստանում բախվել է գանացի ուսանողը, հայերեն չիմանալն է։

«Այստեղ քչերն են խոսում անգլերեն և քաղաքում ինչ-որ վայր գտնելու համար երբ դիմում եմ անցորդներին, հազվադեպ է պատահում, որ պատասխանեն։ Հատկապես կանայք խուսափում են շփվել ու արագ հեռանում են։ Այստեղ նորմալ աշխատանք գտնելու համար հարկավոր է հայերեն իմանալ, հակառակ դեպքում՝ ստիպված ես ցածր վարձատրվող աշխատանք կատարել։ Ես հիմա աշխատում եմ շինարարության ոլորտում։ Օրական ստանում եմ 7000 դրամ: Գումարը մեծ չէ․ դրանով տան վարձ եմ վճարում, ուսաման ու սննդի հետ կապված ծախսերը հոգում։ Փորձում եմ այնպես կազմակերպել, որ բավականացնի, այլ տարբերակ չունեմ»,-նշեց զրուցակիցս։ Աջեյը վստահեցրեց՝ Հայաստանում սևամորթ լինելու համար երբևէ խտրական վերաբերմունքի չի արժանացել․ ընդհակառակը, հաճախ են հայերը, անգամ ռուսները մոտենում և ցանկանում լուսանկարվել իր հետ։

«Կարող եմ գրազ գալ, որ ես շատ հայերի հետ նկարներ ունեմ: Դա իսկապես հաճելի զգացողություն է»,-ծիծաղով ասաց երիտասարդը։

IMG_20230701_115706.jpg (108 KB)

Հայերը սննդի մեջ չափից շատ են հաց օգտագործում անգամ սպագետին են հացով ուտում

Խոսելով հայերի հետ ընդհանրությունների մասին, Աջեյը նշեց, որ Գանայում բնակչության մեծ մասը՝ այդ թվում իր ընտանիքի անդամները, քրիստոնյա են։ Բայց հայերի և գանացիների միջև կենցաղային տարբերություններն ըստ նրա՝ ավելի շատ են և ակնառու։

«Օրինակ Աֆրիկայում մենք միայն առավոտյան ենք հաց ուտում՝ նախաճաշին։ Բայց Հայաստանում՝ ընդունված է հաց ուտել նախաճաշին, ճաշին, ընթրիքին։ Հայերն անգամ բրինձն ու սպագետին են հացով ուտում (ծիծաղում է)։ Ես էլ եմ արդեն սկսել այդպես անել․ երբեմն բրդուճ եմ անում և այդպես ուտում, իսկապես ավելի համեղ է ստացվում»,-ասաց նա։

Աջեյ Ասամոան խոստովանեց, որ 32 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեսել Հայաստանում՝ այս տարի։

«Շինհրապարակում էի, առատ ձյուն էր տեղում։ Հետո արդեն տանը՝ երեկոյան, երբ արթնացա և պատուհանից նայեցի՝  ամբողջը սպիտակ էր։ Արթնացրի ընկերներիս, դուրս եկանք բակ ու մինչև լույս բոլորս մնացինք դրսում։ Առավոտյան նկարեցինք ու  տեսանյութը տարածեցինք TikTok-ում, Facebook-ում․ ընկերներս Աֆրիկայից նախանձով էին նայում մեզ․ շատ հաճելի էր»,-պատմեց նա։

Հայաստանում ավելի քան 5 տասնյակ գանացիներ են ապրում

Նախկինում Հայաստանում գանացիներ չեն ապրել․ բայց այսօր նրանց թիվը գերազանցում է հինգ  տասնյակը։ «Երևանում գանացիների փոքր համայնք կա, որոնց հետ հանդիպում ենք կիրակի օրերին՝ եկեղեցում։ Բացի այդ, WhatsApp-ում խումբ ունենք, և երբ Հայաստանում բնակվող գանացիներից մեկին բնակարան է պետք լինում կամ աշխատանք, խմբի միջոցով օգնում ենք միմյանց»,-ասաց գանացի երիտասարդը։

Երազանքների և նպատակների հետ կապված հարցը փոքր-ինչ տխրեցրեց Աջեյին․ հիշեց «զարգացած» երկրների կողմից թալանված Աֆրիկան ու իր չզարգացած հայրենիքը։ 

«Երազանքներիս մեծ մասը կապված է հայրենիքիս հետ։ Ես երազում եմ զարգացած երկիր ունենալու մասին։ Գանայում մենք ունենք ռեսուրսներ, բայց չունենք գիտելիքներ այդ ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար: Ես տեսել եմ, թե ինչպես է իմ ժողովուրդը տառապում աղքատությունից, ինչպես են երիտասարդներն առանց աշխատանքի ապրում։ Տեսել եմ՝ ինչպես են տարբեր երկրներից գալիս ու մեր երկրի օգտակար հանածոները՝ ոսկին ու ադամանդը տանում և զարգացնում իրենց երկրները։ Ես ուզում եմ սովորել առաջնորդություն, հատկապես արևմուտքի փորձն է ինձ հետաքրքրիր, հետո վերադառնամ Աֆրիկա և իմ գիտելիքներով փոխեմ Գանան։ Ես ուզում եմ ավելի բարեկեցիկ երկիր ունենալ, և ես անելու եմ ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,-ասաց գանացին։

Աջեյ Ասամոայի հետ զրույցի ընթացքում 27-ամյա Էրիկ Օպպոնգը ժեստերով փորձում էր հասկացնել ընկերոջը, որ շատ չդժգոհի։ Հետո, երբ խոսելու հերթն իրեն հասավ՝ սկսեց գովաբանել Հայաստանն ու պարծենալ իր հայ ընկերներով։

Էրիկ Օպպոնգը, որը նույնպես ծնունդով Կումասիից է, աշխատում է Երևանից ոչ հեռու գտնվող ներքնակների արտադրամասում։

334183626_1377050369777242_6859557985087249419_n.jpg (41 KB)

Հայաստանում սիրում են սևամորթներին

«Աշխատում եմ դասերից հետո՝ մի քանի ժամ, դրա համար աշխատավարձս քիչ է, բայց ճանապարհի համար գումար չեմ ծախսում, արտադրամասը կազմակերպում է մեր տեղափոխումը։ Այստեղ սիրում են սևամորթներին, ուրախանում են մեզ տեսնելով, բարևում, ժպտում։ Հայաստանում մարդիկ իսկապես շատ լավն են, ընկերասեր, պատրաստակամ։ Հայ ընկերներ շատ ունեմ, նրանց հետ հանդիպում եմ դասերից հետո և կիրակի օրերին։ Հայ ընկերներս հաճախ են ինձ ինչ-որ բան հյուրասիրում, հրավիրում հաց ուտելու, զբոսանքի, այստեղ ամեն ինչ շատ լավ է, գեղեցիկ։ Մի խոսքով՝ սիրում եմ Հայաստանը»,-ասաց Էրիկ Օպպոնգը։

Աֆրիկյան երկրներից աննախադեպ թվով քաղաքացիներ են ժամանել Հայաստան

Վերջին մեկ տարում աֆրիկյան երկրներից աննախադեպ թվով քաղաքացիներ են ժամանել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքականության ծառայությունից ստացված վիճակագրական տվյալները։

Միայն 2023թ․ առաջին երեք ամիսներին Աֆրիկա մայրցամաքից Հայաստան է ժամանել շուրջ 1000 քաղաքացի․ ավելի շատ, քան նախկինում երկու տարվա ընթացքում (2020-2021թթ․):  Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ին աֆրիկյան մի շարք երկրներից Հայաստան է ժամանել 1221, 2020-ին՝ 268, 2021-ին՝  612 քաղաքացի։  2022թ․ ցուցանիշը եղել է աննախադեպ․ 2547 քաղաքացի է մուտք գործել Հայաստան աֆրիկյան երկրներից, մասնավորապես՝  Ալժիրից, Անգոլայից, Կոնգոյից, Եգիպտոսից, Եթովպիայից, Գամբիայից, Գանայից, Կոնգոյից, Մարոկկոյից, Նիգերիայից, Սիերա Լեոնեից, Սուդանից, Թունիսից, Զիմբաբվեից։ Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս երկրներից ժամանած քաղաքացիներից շատ քչերն են կացության կարգավիճակ կամ ապաստան ստացել Հայաստանում։ Աֆրիկյան երկրներից ժամանածների մեծ մասի համար Հայաստանը եղել է տարանցիկ երկիր՝ երրորդ երկիր տեղափոխվելու համար։

2022թ-ին Հայաստան են մուտք գործել Եգիպտոսի 1978 և լքել՝  1775 քաղաքացիներ, սակայն այդ ժամանակահատվածում Եգպիտոսի ընդամենը 51 քաղաքացիներ են ստացել կացության կարգավիճակ (Միգրացիոն ծառայությունը ստացել է 72 դիմում), որոնցից 42-ը՝ ժամանակավոր, 9-ը՝ մշտական։ 2022թ․ Հայաստանում կացության կարգավիճակ են ստացել Գանայի 54, Նիգերիայի՝ 39,  Սիերա Լեոնեյի՝ 27 քաղաքացիներ։

Նշենք, որ ըստ օրենքի՝  ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ազգությամբ հայ լինելը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքեր:

Աֆրիկա մայրցամաքից Հայաստան տեղափոխվածներն այստեղ աշխատում և կրթություն են ստանում

ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակի տրման հիմքերն ուսումնասիրելիս պարզեցինք, որ աֆրիկյան երկրներից ժամանանածների մեծ մասն այստեղ է հաստատվել ուսում ստանալու կամ աշխատելու նպատակով։

357698545_169950199402221_4074559067793984529_n.jpg (39 KB)

Այսպես՝ 2022թ․ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած Եգիպտոսի 42 քաղաքացիներից  17-ը որպես Հայաստանում բնակվելու հիմք նշել են ընտանիքի հետ միավորվելը, 19-ը՝ ուսումը, 4-ը՝ աշխատանքը, իսկ 2-ը՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը։ 2022թ. տարեվերջի դրությամբ Եգիպտոսի 10 քաղաքացի էլ ազգությամբ հայ լինելու համար ստացել է հատուկ կացության կարգավիճակ։ Նշենք, որ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, որով կարելի է ազատ մուտք գործել ՀՀ տարածք և բնակվել այստեղ առանց մուտքի վիզայի: 2022թ․ և 2023թ․ առաջին եռամսյակի ընթացքում Եգիպտոսի շուրջ 50 քաղաքացիներ Հայաստանում ստացել են փախստականի կարգավիճակ։ Նախորդ տարի փախստականի կարգավիճակ են ստացել Ալժիրի` 2, Նիգերիայի` 7, Մարոկկոյի` 4, Զիմբաբվեի՝ 3, Սուդանի՝ 2, Կոնգոյի, Գվինեայի, Սիեռա Լեոնեի և Գամբիայի 1-ական քաղաքացիներ։

2022-ին Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած Նիգերիայի 39 քաղաքացիներից  5-ն այստեղ են հաստատվել ընտանիքի հետ միավորվելու, 15-ը՝ ուսման, իսկ 19-ը՝ աշխատելու նպատակով։ Գանայի 53 քաղաքացիներից 4-ի՝ Հայաստանում բնակվելու հիմքը եղել է ընտանիքի հետ միավորվելը, 23-ինը՝ ուսումը, իսկ 26-ինը՝ աշխատանքը։ Աֆրիկյան մյուս երկրների մասով միգրացիոն հոսքի աճի միտումը փոքր է, հետևաբար չնչին ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի միգրացիոն պատկերի վրա։

Սիերա Լեոնեից, Նիգերիայից և Գանայից ժամանած ուսանողների աննախադեպ հոսք Հայաստանի բուհերում

357343549_752180740247722_1544753767991262400_n.jpg (44 KB)

Ներկայումս Աֆրիկյան երկրներից ժամանած մի քանի տասնյակ քաղաքացիներ են սովորում Հայաստանի պետական, միջպետական և մասնավոր բուհերում։  Օրինակ՝ պետականորեն հավատարմագրված Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ) 2022-2023 ուսումնական տարում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է միջազգային ուսանողների թվի 46% աճ, որոնց թվում տեսակարար կշիռ ունեն աֆրիկյան երկրներից՝ այդ թվում Սիերա Լեոնեից (22%), Նիգերիայից (16%) և Գանայից (8%) ժամանած ուսանողները: NEWS.am-ի հետ զրույցում Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց, որ բուհում միջազգային ուսանողների թվի զգալի ավելացումը պայմանավորված է ԵՄՀ թիմի կողմից առաջարկվող բարձրոակ ծառայությունների ապահովմամբ։

«Արտերկրից, այդ թվում աֆրիկյան երկրներից ժամանած ուսանողներին հիմնականում հետաքրքրում են կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆարմացիայի, օտար լեզվի ուսումնական ծրագրերը, ինչը վկայում է կարիերայի կառուցման մասնագիտական ոլորտներում Հայաստանի արձանագրած աճի մասին»,-ասաց Օհանյանն՝ ընդգծելով Եվրասիա միջազգային համալսարանի՝ Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Աֆրիկայից միգրանտների աճի միտումը շարունակվում է երկու հազար տարի  

2022թ․ Ռազմավարական հետազոտությունների աֆրիկյան կենտրոնի (Africa Center for Strategic Studies) հրապարակած տվյալների համաձայն՝ Աֆրիկայում միգրացիայի միտումները շարունակում են սրվել։ 2010 թվականից ի վեր Աֆրիկյան տարածաշրջանում և դրանից դուրս գրանցված միգրանտների թիվը 2022թ․ գրեթե կրկնապատկվել է՝ շարունակելով երկուհազարամյա աճի միտումը: Այս երկրներից միգրացիայի հիմնական պատճառները  հակամարտություններն են, ռեպրեսիվ կառավարումը և տնտեսական սահմանափակ հնարավորությունները: Ներկայումս Աֆրիկյան միգրանտների ծագման 15 հիմնական երկրներից 9-ը հակամարտության մեջ են: Նույն աղբյուրի համաձայն՝ մայրցամաքից հեռացած աֆրիկացի միգրանտներից մոտ 11 միլիոնը ներկայումս ապրում է Եվրոպայում, գրեթե 5 միլիոնը՝ Մերձավոր Արևելքում, իսկ ավելի քան 3 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում: Մեկ այլ ուշագրավ փաստ ևս․ Աֆրիկա մայրցամաքում  բնական աղետների տեմպերն ավելի բարձր է, քան մյուս մայրցամաքներում, ինչն այս տարածաշրջանում անկայունության ցուցիչներից մեկն է։

Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 2050 թվականին Աֆրիկայում կլիմայի փոփոխության հետևանքով 86 միլիոն միգրանտ կլինի:

Աֆրիկյան երկրներից Հայաստան, հետո՝ ԱՄՆ և Եվրոպա

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Աֆրիկյան երկրներից Հայաստան տեղափոխված միգրանտների մեծ մասը Հայաստանով մեկնել են դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Ըստ ոլորտի փորձագետների՝ միգրացիոն տեղաշարժերի համար Հայաստանը տարանցիկ երկիր դիտարկելը պետք չէ  բացասական ընկալել, եթե, իհարկե այդ միգրանտների համար Հայաստանը չի հանդիսանում օրինակ՝ թրաֆիքինգի իրականացման տարանցիկ երկիր։

«Որևէ խնդիր չկա, որ օտարերկրացիները, այդ թվում՝ աֆրիկյան երկրներից ժամանածները Հայաստանով գան և փորձեն գնալ այլ՝ երրորդ երկիր, եթե Հայաստանում ստացած կարգավիճակը չեն օգտագործելու անօրինական միգրացիայի համար։ Եթե Հայաստանում օտարերկրացիներն ունեն վավեր կացության կարգավիճակ և այդ կարգավիճակով, օրինակ անօրինական մուտք են գործում ԵՄ երկրներ և բնակվում այնտեղ անօրինական, Հայաստան-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում այդ քաղաքացիներին կվերադարձնեն ոչ թե իրենց ծագման երկիր, այլ Հայաստանի Հանրապետություն»,-NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեց  «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Անդրադառնալով աֆրիկյան երկրներից  միգրացիոն հոսքերին, փորձագետը նկատեց, որ այդ երկրներից Հայաստան ժամանածները փոքր տոկոս են կազմում, և բնականաբար նրանց ազդեցությունը մեծ չի կարող լինել, իսկ եթե ժամանողների նպատակն օրինակ՝ Հայաստանում աշխատելն է, հնարավոր է տնտեսական տեսանկյունից այդ հոսքերն ունենան դրական ազդեցություն։

357526034_1893575757692615_7486709397375870494_n (1).jpg (38 KB)

Մաշկի գույնը ոչ թե խտրականության, այլ՝  հետաքրքրասիրության դրսևորում

Բեժանյանի խոսքով՝ հայ բնակչությունն օտարերկրացիների նկատմամբ որոշակի վերապահումներ ունի։

«Այն երկրների բնակիչները, որոնց մաշկի գույնն ավելի բաց է, քան մերը, մենք ավելի դրական վերաբերմունք ենք ունենում, քան այն երկրների  բնակիչների նկատմամբ, որոնց մաշկի գույնն ավելի մուգ է, քան մերը։ Սակայն ասել, որ Աֆրիկյան երկրների բնակիչների նկատմամբ մենք ունենք ակնհայտ ընդգծված բացասական վերաբերմունք կամ ֆոբիաներ, ճիշտ չէ։  Փորձը ցույց է տվել, որ երբ օրինակ աֆրիկյան երկրներից ժամանում են այստեղ սպորտի բնագավառում աշխատելու (ֆուտբոլիստներ, բասկետբոլիստներ), բնակչության վերաբերմունքը բավականին դրական է»,-ասաց փորձագետը։ 

Բեժանյանի խոսքով՝ շատ կարևոր է միգրացիոն հոսքերը դիտարկել այն համատեքստում, թե ի՞նչ պատճառներից ելնելով և նպատակով են ժամանում Հայաստան։

«Եթե օրինակ՝ պատերազմական գործողությունների արդյունքում այդ երկրներից զանգվածային ներհոսք լիներ դեպի Հայաստան, մտահոգվելու տեղիք գուցե լիներ, քանի որ այդ հոսքն, օրինակ կարող էր բախումների պատճառ դառնալ տեղի բնակչության հետ կամ հնարավոր է աշխատանքային միգրանտների մի հոծ զանգված ավելի էժան աշխատավարձով զբաղեցներ մեր քաղաքացիների աշխատատեղերը։ Այս դեպքում հնարավոր կլիներ խոսել բացասական հետևանքների մասին, սակայն իմ գործունեության ընթացքում Հայաստանի միգրացիոն դաշտում նման բացասական միտում չեմ տեսել»,-նշեց Բեժանյանը։ Եզրափակելով միտքը, փորձագետն արձանագրեց՝ աֆրիկյան երկրներից դեպի Հայաստան որոշակի միգրացիոն հոսքերի առկայությունը ներկա պահին չունի բացասական ազդեցություն մեր երկրի միգրացոն իրավիճակի, առավել ևս ժողովրդագրության վրա։

Migration-within-and-from-Africa.png (45 KB)

Թագուհի Մելքոնյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ