News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են:

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ կատարել գործող ՀՀ Ընտրական օրենսգրքում։ Այնուամենայնիվ, այն չի հասցեագրում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և մարմինների կողմից ՀՀ-ին տարիներ շարունակ ներկայացվող հանձարարականները։

Այսպես, ընտրողը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը և դիտորդը իրավունք ունեն բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը կամ անգործությունը միայն այն դեպքերում, երբ դրանցով խախտվում են իրենց սուբյեկտիվ իրավունքները: Այսինքն՝ ընտրությունների ընթացքում տեղ գտած ընդհանուր բնույթի ընտրախախտումների առնչությամբ ընտրական հանձնաժողովների ձեռնարկած գործողությունները /անգործությունը/ կամ որոշումները բողոքարկելու իրավունք վերոնշյալ անձինք չունեն: Նույն կերպ իրավակիրառ պրակտիկայում չի ճանաչվում դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը ո'չ ընտրական հանձնաժողովներում, ո'չ դատարաններում` ընդհանուր բնույթի ընտրախախտումների վիճարկման տեսանկյունից: Ընտրողներին, դիտորդներին, դիտորդական կազմակերպություններին ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վիճարկելու իրավունքից զրկելու պրակտիկան հակասում է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների բնագավառում սահմանված միջազգային չափորոշիչներին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ հրապարակված Ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկությունների բաժնում ներկայացվել է առաջարկ ՀՀ ընտրական օրենսգիրքը փոփոխելու վերաբերյալ՝ իրավունք վերապահելով քաղաքացիներին, տեղական դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին՝ դիմումներ ներկայացնելու ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, անօրինական քարոզչության իրականացման, ինչպես նաև ընտրությունների արդյունքների դեմ:

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13.06.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով շեշտվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում արդեն իսկ առաջարկվել էր փոփոխել ՀՀ ընտրական օրենսգիրքը` քաղաքացիներին, հավատարմագրված դիտորդներին և քաղաքացիական հասարակության խմբերին իրավունք ընձեռնելով բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, նախընտրական քարոզչության ընթացքում ոչ իրավաչափ գործունեությունը և ընտրությունների արդյունքները, ինչպես նաև հեշտացնելու ընտրություններին առնչվող դիմումների ներկայացման և բողոքարկման ընթացակարգը և սահմանելու ավելի երկար ժամկետ` քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների և ընտրությունների արդյունքների բողոքարկման համար:

ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 17.10.2016 թ.-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2016)031) նշվել է, որ 13.06.2016 թ.-ի համատեղ կարծիքով ներկայացված առանձին առաջարկություններ այդպես էլ չեն կատարվել, և հատկապես շեշտադրվել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնման վերաբերյալ տրված հանձնարարականը: Նույն խնդիրը արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակված ամփոփիչ զեկույցով։

Այնուամենայնիվ, մինչ օրս ՀՀ ընտրական օրենսդրությամբ ճանաչված չէ ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը՝ ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների, ինչպես նաև ընտրությունների/քվեարկության արդյունքների վիճարկման բնագավառում: Վերջիններիս իրավասուբյեկտությունը չի ճանաչվում նաև իրավակիրառ պրակտիկայում ո'չ ընտրական հանձնաժողովների, ո'չ դատարանների կողմից: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ-ի ստանձնած հանձնառությունները՝ անհրաժեշտ է Նախագծում սահմանել իրավակարգավորում՝ ճանաչելով դիտորդական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը դիտորդի կարգավիճակից բխող իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, ինչպես նաև սահմանել դիտորդի և դիտորդական կազմակերպությունների կողմից օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները վիճարկելու իրավունքը:

Անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քվեարկության/ընտրությունների արդյունքները անմիջականորեն ընտրողների, դիտորդների և դիտորդական կազմակերպությունների կողմից վիճարկելու իրավունքի սահմանումը ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Նշված խնդիրը հերթական անգամ բարձրացվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2023 թ.-ի հոկտեմբերի 9-ին հաստատված համատեղ կարծիքով (CDL-AD(2023)030-ODIHR-481/2023՝ 8 ,64, 73 պարագրաֆներ):

Նախագծի 30-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր՝ երկրորդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ տվյալ կազմակերպության դիտորդը հանդիսանում է ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում է թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կամ վստահված անձի կարգավիճակով»: Միաժամանակ լրացվող նոր՝ 4.1-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական կազմակերպության հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր:

Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խիստ խնդրահարույց է՝ դիտորդական առաքելության իրականացման սահմանափակման ոչ համաչափության տեսանկյունից: Նկարագրված դեպքերը պետք է հանգեցնեն համապատասխան դիտորդին հավատարմագրված դիտորդների ցանկից հանելու, այլ ոչ թե դիտորդական կազմակերպությանն ամբողջությամբ դիտորդական առաքելության իրավունքից զրկելու հետևանքին:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը
Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում ԿԸՀ-ն պետք է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների բաշխում…
Ամենաշատ