News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ բանակցություններում մենք առաջնորդվում ենք ոչ խտրական մոտեցման եւ տարածքային ամբողջականության երկրների իրավադատության լիակատար հարգման սկզբունքով՝ հանուն բարգավաճ ապագայի կառուցման։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը որպես խաղաղության օրակարգի կարեւոր մաս։ Նա ավելացրել է, որ այստեղ կարեւոր նշանակություն ունեն հաղորդակցությունների զարգացումը, նոր երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրագծերի կառուցումը, ինչպես նաեւ հին ենթակառուցվածքի վերականգնումը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահ է, որ դա անվտանգության լրացուցիչ երաշխիքներ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար։

«Հայաստանը պատրաստ է անցնել գործնական քայլերի այդ նախագծի իրականացման ուղղությամբ եւ սպասում է միջազգային գործընկերների աջակցությանը»,- ավելացրել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ վստահությունը համագործակցության եւ անվտանգության հանդեպ ամբողջ աշխարհում շարունակում է նվազել։

«Հայաստանը հավատում է ամուր խաղաղության հասնելու հեռանկարին, ինչպես նաեւ հակամարտությունների լուծմանը խաղաղ ճանապարհով։ Հայաստանը պատրաստ է իր ավանդը ներդնել առկա մարտահրավերների հաղթահարման եւ ամուր խաղաղության կայացման գործընթացում»,- ընդգծել է Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը միշտ եղել է կապող խաչմերուկ արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի միջեւ՝ այստեղից բխող բոլոր քաղաքական, տնտեսական եւ մշակութային առանձնահատկություններով։

«Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, այսօր էլ պատրաստ է ծառայել որպես կապող հաբ նման համագործակցության համար։ Դեպի ծով ելք չունեցող երկիր եւ 30 տարի երկու հարեւանների կողմից շրջափակված լինելով՝  Հայաստանը գիտակցում է տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործառնության կարեւորությունը»,- ամփոփել է պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ