News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան  Մեհդի Սոբհանիի հետ զրուցել է հայ- իրանական համագործակցության, Հյուսիս- Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի եւ այլ հարցերի շուրջ:

Ներկայացնում ենք հարցազրույցը ստորեւ՝ 

Պարոն դեսպան, ձեր կարծիքով ո՞ր ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու Իրանը կարող են էլ ավելի խորացնել համագործակցությունը:

Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Բացի երկկողմ քաղաքական հարաբերություններից միջազգային ատյաններում եւս երկկողմ համագործակցություն ունենք, աջակցում ենք միմյանց: Անցած տարվա ընթացքում նաև ավելացել են երկու երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարության փոխայցերը: Այս այցերը հատուկ դինամիկա են  փոխանցել հարաբերություններին եւ մենք կարող ենք նաեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները զարգացնել: Թավրիզում գլխավոր հյուպատոսության հիմնումը եւս իր նպաստը կարող է բերել տարբեր  ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելուն: Ցանկացած հանդիպման շրջանակում, եթե հանդիպել են մեր բարձրաստիճան ղեկավարները, երկուստեք աջակցել են քաղաքական դիրքորոշումները:  

Անցած տարի մեզ հաջողվեց երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը եւ դա եւս դեպի ապագա նայող քայլ էր: Մենք առեւտրի ոլորտում նույնպես ունենք  հարաբերություններ, անցյալ տարի տնտեսական ոլորտում ևս շատ կարեւոր պայմանագրեր ենք կնքել եւ ես լիահույս եմ, որ այս տարի եւս մեր համագործակցության երկկողմ շրջանակում կարձանագրենք մեծ թվով հաջողություններ:

Առաջիկայում նաեւ կայանալու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, դա եւս խթան կհանդիանա երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Շատ մեծ ցանկ ունենք երկկողմ համագործակցությունը զարգացնելու առումով: 

Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրվեց նախորդ տարի, սա որքանո՞վ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը: 

Մեծ ազդեցություն ունի, որովհետեւ Հայաստանը հարթակ է 200 միլիոնանոց եվրասիական տնտեսական  շուկա Իրանի դուրս գալու համար: Իհարկե, մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ Հայաստանը դիտարկում ենք որպես մի հարթակ,  որը կօգնի մեզ եվրասիական տնետեսական շուկա դուրս գալ:

Այդ նպատակին Հյուսիս- Հարավ միջանցքը կարող է ծառայել, բայց մենք տեսնում ենք, որ հնարավոր է՝ Հայաստանը դուրս մնա այդ միջանցքի նախագծից: Մասնավորապես Ռուսաստանը ներդրում է արել Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ուղու Ռեշտ-Աստարա հատվածում, ինչի արդյունքում հնարավոր է միջանցքը մի քանի տարի անց գործարկվի Ադրբեջանի տարածքով: Այնուամենայնիվ,  Իրանը Ռուսաստանը եւ Հնդկաստանը շարունակո՞ւմ են Հայաստանը դիտարկել որպես Հյուսիս-Հարավի հիմնական երթուղի:

Կոմունիկացիաների դիվերսիֆիկացումը դա իր հերթին նպաստում է, որ կապերը դիվերսիֆիկացվեն: Հայաստանի երթուղին դեպի Սեւ ծով ավելի կարճ է, քան Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին: Եթե մենք կարողանանք համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, ինչպես նաեւ ճանապարհային սակագները նվազեցնել, Հայաստանը կդառնա այս տարածաշրջանի տրանսպորտային հաբը: Սա տնտեսական հարց է, տրանսպորտային հարց է, բնականաբար, եթե բեռնատար մեքենայի վարորդը տեսնում է, որ եթե տվյալ երթուղով անցնելը իր համար ավելի ձեռնտու է, բնականաբար, ինքը այդ ճանապարհն է  ընտրում: Դա ինքնիշխանության հարց չէ, դա զուտ տնտեսական հարց է:

Իրանական կողմը հնարավորություն տեսնո՞ւմ է ներդրումներ անելու  Հայաստանում Հյուսիս- Հարավ տրանսպորտային նախագծում:

Մենք հիմա բավական մեծ ներդրումներ ենք կատարել Իրանում հասմապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար:  Հայաստանը հիմա Ասիական բանկի միջոցով, իր բյուջեից եւ բազմաթիվ հնարավորություններից օգտվելով աշխատանքներ իրականացնում է: Կարող են լինել ընկերություններ, որոնց համար հետաքրքրական լինի, իրենք կարծում եմ՝ պատրաստ կլինեն նման քայլ ձեռնարկել: Այստեղ կարեւոր է, որ այդ ճանապարհը կառուցվի:

Պարոն դեսպան, չնայած այն բանից հետո, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության եկան Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի  վերաբերյալ, դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցում մենք գիտենք Իրանի դիրքորոշումը, որը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ:

Այն հնարավորությունները, որ մենք ընձեռնել ենք, նրա համար է, որ բոլոր երկրների համար այդ հնարավորությունները լինեն բիզնեսը, առեւտուրը զարգացնելու համար, կարողանան այդ հնարավորություններից օգտվել: Այդ կապերը պետք է լինեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հարգանք ճանաչված սահմանների նկատմամբ եւ միջազգային նորմերի խախտումն անընդունելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ