News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսի 2011 թվականի զեկույցը, որում Հայաստանը 187 երկրներից բաղկացած վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը: 2010 թվականի համեմատ Հայաստանը նահանջել է 10 կետով:

Զեկույցը կազմվում է մարդկային զարգացման մի շարք պարամետրերի համադրմամբ, որոնց թվում են տնտեսական վիճակը, ժողվրդագրական բնութագրերը, կրթական եւ առողջապահական համակարգերի գնահատականը, 1 շնչին ընկնող եկամուտը:

Ուսումնասիրված երկրները դասակարգված են 4` մարդկային զարգացման շատ բարձր, բարձր, միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների խմբերի: Հայաստանն ընդգրկված է երկրորդ` մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պաշտոնական կայքեջի համաձայն, ինչպես եւ անցած տարի, վարկանիշային աղյուսակում այս տարի եւս առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտն այս երկրում կազմել է տարեկան 47,5 հազար դոլար, կյանքի միջին տեւողությունը` 81 տարի: Կրթության միջին տեւողությունը կազմում է 12,6 տարի:

Նորվեգիային հաջորդում են Ավստրալիան, Նիդերլանդները եւ ԱՄՆ-ը:

86-րդ տեղը զբաղեցնող Հայաստանում «Մարդկային զարգացման ինդեքս- 2011» զեկույցի համաձայն, կյանքի միջին տեւողությունը 74, 2 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 5 հազար 188 դոլար, իսկ կրթության միջին տեւողությունը` 10,8 տարի:

Հայաստանի հարեւան երկրներում պատկերը հետեւյալն է` վարկանիշային աղյուսակում 75-դ տեղը զբաղեցնող Վրաստանում կյանքի միջին տեւողությունը 73,7 տարի է, մեկ շնչի եկամուտը` 4 հազար 780 դոլար, կրթության միջին տեւողությունը` 12,1 տարի:

Ադրբեջանը զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը, կյանքի միջին տեւողությունն այստեղ 70,7 տարի է, մեկ շնչին ընկնող եկամուտը` 8 հազար 666 դոլար, կրթության միջին տեւողությունը 11,8 տարի: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ