News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը


Չափազանց ռիսկային եմ համարում մեր ամբողջ գիտակրթական ներուժի կենտրոնացումը մի վայրում, որովհետև դա կդառնա թիրախ մեր հակառակորդների համար: Չի կարելի այլ երկրների զարգացման փորձը մեխանիկորեն կիրառել մեր երկրում, դա կլինի անհաջող պատվաստում, որի արդյուքները ռիսկային են:Հայաստանյան գիտության ապագայի խնդիրները պետք է դիտարկել առանձին կառույց ունենալու մեջ, այդպես է եղել պատմության ողջ ընթացքում և այդպես էլ պիտի շարունակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

Նրա խոսքով, հիմնարար և կիրառական գիտություններով զբաղվող ԳԱԱ ինստիտուտները՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի ոլորտում, պիտի շարունակեն աշխատել որպես ինքնուրույն կառույցներ: Ակադեմիան պետք է բարեփոխումների ենթարկվի և նպաստի երկրի տնտեսության և պաշտպանունակության զարգացմանը, բայց դրա համար պիտի բարեփոխվի, համապատասխանի ժամանակակից պահանջներին, իշխանությունն էլ պետ է փոխի գիտության ֆինանսավորման կարգը:

«Եթե փորձենք ակադեմիական  մեր ենթակառուցվածքը վերակողմնորոշել դեպի ԲՈՒՀ-եր, մենք ոչ միայն ժամանակ կկորցնենք, այլև մեր ինստիտուտների ակադեմիական ազատությունը: Եթե ինստիտուտները միավորվեն ԲՈՒՀ-երին, այլևս չեն ունենա իրավաբանական անձի կարգավիճակ և կկորցնեն իրենց անկախությունն ու ակադեմիական ազատությունը, ինչը նպաստավոր չէ գիտության զարգացման համար»,-պարզաբանեց Յուրի Սուվարյանը՝ կարևորելով, սակայն կրթական և գիտական կառույցների համագործակցությունը:

Նրա խոսքով, գիտությունը պետք է առանձին զարգանա, բայց չի կարող մեկուսի լինել կրթությունից: Գիտությունը պետք է նպաստի կրթության զարգացմանը:

«Ընդ որում, ոչ  միայն գիտնականները պետք է աշխատեն ԲՈՒՀ-երում՝ որպես դասախոսներ, դոցենտներ կամ ամբիոնների վարիչներ, այլ նաև ԲՈՒՀ-ական գիտնականները ևս պիտի համագործակցեն գիտական կազմակերպությունների հետ և մասնակցեն ակադեմիայում տարվող հետազոտական աշխատանքներին, ընդլայնեն համատեղ հրապարակումների թիվը»,-շեշտեց ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը: 

Յուրի Սուվարյանի խոսքով, կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է սկսել նախկին բացթողումները լրացնելով: Առաջին հերթին, շատ կարևոր է դասախոսների ընտրությունը: Նրա կարծիքով դասախոսները պետք է ունենան գիտական-հետազոտական թեմաներ, և դասախոսների ընտրության հարցում պետք է կարևորվի գիտական բաղադրիչի տեսակարար կշիռը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ