News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մի քանի տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին երկուշաբթի կոռուպցիոն գործով դատավարություն է սպասվում՝ սեղանին է դրված նրա քաղաքական կարիերան և քրեական գործի շրջանակում նրա ազատությունը, որն արդեն ստիպել է նրան նրաժարվել Կոնգրեսի ամենաազդեցիկ պաշտոններից մեկից, գրում է AP-ն:

Նյու Ջերսիի 70-ամյա դեմոկրատը և նրա կինը մեղադրվում են նահանգի երեք հարուստ գործարարներից կաշառք ստանալու և դրա դիմաց տարբեր ծառայություններ մատուցելու մեջ, այդ թվում՝ քրեական հետաքննությանը միջամտելու և Եգիպտոսի և Քաթարի կառավարությունների շահերից գործելու մեջ:

Մենենդեսի փաստաբանները պնդում են, որ նա գործել է կանոնների շրջանակներում և հակաօրինական ոչինչ չի արել: Իր հերթին Մենենդեսը հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները և ասել, որ ամռանը վերընտրվելու քարոզարշավ է իրականացնելու, եթե իրեն արդարացնեն։

Բայց նույնիսկ եթե նա խուսափի պատժից, ինչպես դա եղավ 2017-ին իր նախորդ կոռուպցիոն դատավարության ժամանակ, նրա հեղինակությանը հասցված վնասը, կարող է, գրեթե անհնարին դարձնել նրա վերադարձը քաղաքական ասպարեզ, նշում է լրատվամիջոցը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները, որոնք խուզարկել էին սենատորի Նյու Ջերսիի տունը, հայտնաբերել էին ավելի քան 100,000 դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ և ավելի քան 486,000 դոլար կանխիկ գումար, որոնց մի մասը եղել են նրա պահարաններում կախված հագուստի գրպաններում:

Նրա դեմոկրատ գործընկերները Վաշինգտոնում, կարծես, արդեն հաշվից հանել են նրան՝ քանիցս կոչ անելով հրաժարական տալ, ընդգծում է AP-ն։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ