Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխած երիտասարդների առողջական վիճակը վտանգ չի ներկայացնում։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Նա հայտնել է, որ Հայաստանում արված ստուգումներն արդեն ցույց են տվել «խոզի գրիպ»-ի վիրուսի առկայությունը երիտասարդների մոտ, սակայն լրացուցիչ փորձաքննության համար նմուշներն ուղարկվել են Լոնդոն։ Ինչ վերաբերում է օրեր առաջ վարակված մյուս երկու երիտասարդներին, Ասոյանը նրանց առողջական վիճակը բավարար է համարել։ «Շուտով նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից»,- նշել է նա։
Նշենք, որ մի հիվանդը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ուղիղ օդանավակայանից. նա գալիս էր Սանկտ Պետերբուրգից, իսկ մյուսը՝ Իրանի քաղաքացի, ինքն է դիմել հիվանդանոց։ Այսպիսով, Հայաստանում այսօր ստացիոնար բուժում է ստանում խոզի գրիպով հիվանդ չորս մարդ։ Ավելի վաղ հայտարարվում էր հիվանդության 5 դեպքի մասին, սակայն առաջին վարակվածը՝ բեռնափոխադրող մի վարորդ Իրանից, արդեն լքել է Հայաստանի տարածքը։