Ես հպարտ եմ լինել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, որը եղել է CEPA-ի ստորագրման, մշակման, հաստատման հիմնական դերակատարը, և մենակ մենք գիտենք, թե դա ինչ դժվարությունների հետ է կապված եղել: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝
«CEPA-ն այո, այսօր հանդիսանում է ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կանոնկարգող միակ կարևորագույն փաստաթուղթը, և երբ CEPA-ում նշված բարեփոխումները իրականացված են չնչին տոկոսով, խոսել նոր բաների մասին, իմ համար անընկալելի է։ ԵՄ-ի ներկայացուցիչների արձագանքը իմ հարցին, թե կոնկրետ ինչ ապագա է սպասվում այս գործընթացին, ես նույնիսկ չեմ էլ մեկնաբանի, մեր քաղաքացիները դրանք տեսել են: Բացառապես պիտի ասեմ, որ ես խոսում եմ CEPA-ի իմպլեմենտացիայի մասին ոչ թե այս կամ այն ինտեգրացիոն գործընթացի համատեքստում, այլ որովհետև ես գիտեմ, որ այնտեղ նշված են լավ բաներ, այնտեղ նշված են մեր երկրի համար անհրաժեշտ բարեփոխումներ և ես պահանջում եմ, որ տեղի ունենա խորհրդարանական վերահսկողություն դրանց իրականացմանը, ոչ թե նրա համար, որ երկրագնդի որևէ կետում որևէ միջազգային կառույց գնահատական դնի Հայաստանի Հանրապետությանը, այլ որովհետև դրանք իրոք պետք են մեր երկրին, մեր քաղաքացիներին»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը գերիների մասով, որ չի անում, Մամիջանյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում վնասել գործընթացին, որը մի քանի օր հետո, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա կապված միջազգային կառույցներից մեկի գնահատականի հետ: Միակ բանը, ինչ ես կասեմ Հայաստանի կառավարիչների այսօրվա գործունեության հետ կապված, ԵՄ խորհրդարանը և մի շարք այլ կառույցներ հստակ հասցեական հայտարարություններ են ընդունել Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների վերաբերյալ։ Հայաստանի ԱԺ-ն՝ ՔՊ-ական մեծամասնությամբ, հրաժարվեց ընդունել ընդդիմության ներկայացրած հայտարարության տեքստը, վիժեցրեց, չմասնակցեց։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարելի է անել, փաստացի այս պահին ոչինչ չի արվում: Դա պետք է լիներ խորհրդարանական դիվանագիտության, գործադիր դիվանագիտության առաջնային կետերից մեկը: Չեք լսե՞լ, որ գործ չանելու լավագույն պատճառաբանությունը «մենք չենք հանրայնացնում»-ն է: Լավ չեն հանրայնացնում, բայց մենք էլ դա չենք տեսնում, բոլորից են գաղտնի պահո՞ւմ: Եթե մի կաթիլ արած լինեին, անդադար դրա մասին պիտի որ խոսեին»,-ասաց նա:











