Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է հին քաղաքաի տարածքում հայկական Սուրբ Նշան եկեղեցու վերականգնողական աշխատանքները: «Այս փուլում կատարվում է տարածքի մաքրում աղբից: Դրանից հետո կսկսվեն վերականգնողական աշխատանքները»,-հաղորդում է քաղաքապետարանը, հաղորդում է «Գռուզիա online» գործակալությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թբիլիսիում հայկական կիսավեր Սուրբ Նշան եկեղեցու վերականգնման համար, ըստ Վրաստանի Հուշարձանների պահպանության ազգային գործակալության հաշվարկների, շուրջ 838 հազար դոլար կպահանջվի:
Սուրբ Նշան եկեղեցու հյուսիս-արեւելյան հատվածը փլուզվել էր հունվարի 9-ին: Հայկական կողմն այս կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Վրաստանի իշխանություններին`խնդրելով քայլեր ձեռնարկել 1701թ. կառուցված եկեղեցու լիակատար փլուզումը կանխարգելելու ուղղությամբ: Հունվարի 11-ին Վրաստան էր մեկնել հայ փորձագետների խումբը Հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ:
Հայ եւ վրացի փորձագետները բանակցությունների արդյունքում միջոցառումների ծրագիր են կազմել, որին համապատասխան կսկսվեն եկեղեցու պահպանման, հետագայում նաեւ` վերականգնման աշխատանքները: Առաջնային են եկեղեցու ներքին մաքրման աշխատանքները: Մասնագետները նշում են, որ եկեղեցու որոշ հատվածներում մինչեւ 0,5 մետր աղբ է կիտված: Տարածքի մաքրումը ստանձնել է Թբիլիսիի քաղաքապետարանը: Այնուհետեւ կսկսվեն փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները, որոնք կիրականացնեն հայ մասնագետները: Այստեղ կարեւոր է ֆինանսական միջոցների հայթայթումը: Առայժմ հայտնի չէ, թե որ կողմը կհոգա ծախսերը:
Բանակցությունների ընթացքում հայկական կողմն առաջարկել է հոգ տանել նաեւ Թբիլիսիի Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցու մասին, որը կառուցվել է 1467թ., իսկ այսօր այնտեղ Վրաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանն է տեղակայված: Հայկական կողմը առաջարկել է տեղափոխել գրադարանը, քանի որ եկեղեցու ակտիվ շահագործումը նպատակահարմար չէ: