Հայաստանում առաջիկայում նախատեսվում է հիմնել դետեկտիվների դպրոց: Այս մասին NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացա՞ր» ալիքի «EXPERT» հաղորդման շրջանակներում հայտարարեց Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային ամբասադոր, Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում պաշտոնապես գրանցված միակ դետեկտիվ բյուրոյի հիմնադիր Հայկ Գաբրիելյանը:
Նշենք, որ դետեկտիվ ոլորտը Հայաստանում մինչ օրս իրավական կարգավորում չի ստացել. մի քանի անգամ փորձ է արվել շրջանառել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծը, սակայն՝ ապարդյուն:
Հայկ Գաբրիելյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ նախկինում մասնավոր խուզարկուական գործունեություն՝ որպես այդպիսին, չի եղել, և ոլորտը Հայաստանում զարգացել է միայն վերջին հինգ տարիների ընթացքում:
«Իմ կարծիքով՝ օրենսդրական նախաձեռնությունները շատ լավն են եղել, բայց նախաձեռնության հիմնավորման մեջ չեն եղել առարկայական պատճառներ, թե ինչու է պետք կարգավորել ոլորտը, արդյոք պահանջվա՞ծ է այդ մասնագիտությունը, Հայաստանում կա՞ն դետեկտիվներ և այլն: Պարզապես նախագիծ է շրջանառվել՝ տեսական մասով: Սակայն մենք գնացինք այլ ճանապարհով. հինգ տարիների ընթացքում ստեղծեցինք բյուրո, անդամակցեցինք համաշխարհային ու միջազգային կառույցներին, սկսեցինք իրազեկել, բացատրել քաղաքացիներին դետեկտիվի դերը, նշանակությունը, ոլորտում արձանագրեցինք հաջողություններ և այժմ մենք պատրաստ ենք նոր օրենսդրական նախաձեռնության՝ հիմքում ունենալով թե՛ վիճակագրական տվյալները, թե՛ դիմումների քանակը, թե՛ պահանջարկը, թե՛ ուղղությունները»,- ասաց մասնավոր խուզարկուն՝ նշելով, որ առաջարկվող նախագիծը շատ նման է լինելու ամերիկյան մոդելին:
Հաղորդման շրջանակներում քննարկվել են հետևյալ հարցերը.
- Ի՞նչ ծառայություններ է մատուցում մասնավոր խուզարկուն Հայաստանում:
- Վարքագծային ի՞նչ կանոնների պետք է հետևի նա:
- Ինչո՞վ է տարբերվում հայաստանյան մասնավոր խուզարկուի առօրյան ամերիկյան կամ եվրոպական մասնավոր խուզարկուի գործունեությունից։
- Օրենսդրական սահմանափակումների պարագայում ինչպե՞ս է գործում մասնավոր խուզարկուն, որպեսզի չխախտի մարդու անձնական ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը։
- Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որոնցով մարդիկ դիմում են դետեկտիվին։
- Ինչպիսի՞ ժամանակակից տեխնոլոգիաներ կամ մեթոդներ է կիրառում մասնավոր խուզարկուն 21-րդ դարում (OSINT՝ բաց աղբյուրների հետախուզություն, թվային հետքերի վերլուծություն և այլն)։
- Ի՞նչ բացահայտումներ է արել Հայկ Գաբրիելյանը մինչ օրս:
Այս և այլ հետաքրքիր հարցերի պատասխանները՝ տեսանյութում:











