News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 22-ին, ընդունել է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պատգամավորների պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության անդամներին եւ հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը եւ համարում է, որ այն կարող է դառնալ Արեւելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ:

Անկախությունից ի վեր եվրաինտեգրման ճանապարհն ընտրած եւ նույն արժեքները դավանող Հայաստանը, նախագահի խոսքով, պատրաստ է բարեփոխումների արդյունքում վերադառնալ իր ակունքներում գտնվող այն արժեհամակարգին, որի կրողն է եղել հայ ժողովուրդը եւ որի վրա այսօր կառուցվում է ընդհանուր Եվրոպան: Այդ ճանապարհին Հանրապետության ղեկավարը կարեւորել է գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ Եվրոնեսթի վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, Եվրոնեսթից եւ մասնավորապես՝ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովից Հայաստանի ակնկալիքներին, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության օրակարգին, Հայաստանի տնտեսությանն ու ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումներին, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստան են ժամանել պատվիրակներ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Եվրամիության երկրներից` Լիտվայից, Լատվիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իտալիայից, Իսպանիայից, նաեւ 4 հոգուց բաղկացած պատվիրակություն Ադրբեջանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ