News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օժիտ. աղջիկների համար` հպարտություն, ծնողների համար` ծախսի աղբյուր, փեսայի համար` անհրաժեշտ օգնություն, իսկ սկեսուրի համար` խնամիներին գնահատելու միջոց:  NEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչ է օժիտը, երբ է այն «ծնվել», որ հասարակություններում, այսօր ինչ է պարունակում իր մեջ, որքան այն արժե, ինչ կարծիք ունեն ավագ եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչներն օժիտի մասին:

Օժիտը` ժամանակին համընթաց, դիպլոմը` օժիտի կազմում

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդիական ազգաբանության բաժնի գիտաշխատող Գայանե Շագոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սկզբում օժիտը բնորոշ էր բոլոր ազգերին, բայց ժամանակի ընթացքում որոշների մոտ այն վերացավ:  Օժիտը հին պատմություն ունի, բայց այն ավանդական հասարակություններում, որտեղ այն պահպանվել է, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ է կրել: Նրա խոսքով` նախկինում օժիտը բաղկացած էր երեք մասից, իրեր, որոնք հարսն իր ձեռքով էր կարում, օրինակ` գորգեր, ինչը վկայում էր հարսի` ամուսնությանը պատրաստ լինելու մասին: Օժիտի երկրորդ մասը  կազմում էր հարազատների, մտերիմների նվերները, իսկ երրորդը` երեխայի ծնվելու օրվանից նրա ծնողների պատրաստած իրերը, «նույնիսկ թեւավոր խոսք կա` «Աղջիկն օրական, օժիտը` տրեկան»:

Այժմ, իհարկե, ազգագրագետի խոսքով, օժիտի բովանդակությունը փոխվել է, երբեմն զույգերը որպես օժիտ տանում են բնակարան, ավտոմեքենա, դիպլոմ եւ այլն: Ի դեպ, դիպլոմը օժիտ տանելն այնքան էլ խորթ չէ օժիտի գաղափարին, քանի որ դրանով դու ցույց ես տալիս, որ պահանջներին համապատասխան մարդ ես եւ անհրաժեշտության դեպքում կարող ես աշխատել եւ կերակրել քո ընտանիքը, այսինքն` ընտանեկան որոշակի գործառույթ իրականացնելու կարողությունն է ցույց տալիս:

«Օժիտի բովանդակությունը կյանքի զարգացմանն համընթաց` փոխվում է, եւ հենց այդ սրընթաց զարգացումներն են պատճառը, որ այլեւս աղջկա օժիտը տարիներով կուտակելու անհրաժեշտություն չկա, քանի որ հաջորդ տարի դրանք պարզապես կարող են անպետք իրեր համարվել»,-ասաց նա:

«Օժիտ տալ, որ աղջկադ լեզուն երկար լինի» ասացվածքի մեջ, ազգագրագետի խոսքով, ճշմարտություն կա: Այս պարագայում, ըստ Գայանե Շագոյանի, օժիտը կարծես կոմպենսացիայի գործառույթ է իրականացնում, որպեսզի աղջկան ընտանիքում չխեղճացնեն, չստորացնեն, բայց մյուս կողմից էլ` օժիտ լինի, թե չլինի, եթե սկեսուրն ուզենար հարսին նեղացնել, մեկ այլ բան կգտներ դրա համար:

Ի՞նչ կա այսօր հայ աղջկա օժիտում եւ որքա՞ն է այն արժենում

Երեւանում ոչ միայն խանութներ կան, որտեղ կան «Օժիտի պարագաներ» անունով բաժիններ, այլեւ նույնիսկ միայն օժիտի համար  նախատեսված խանութներ, ինչպես օրինակ` «Օժիտ», «Ինտերհոմ», «Էլիտ հոմ» եւ այլն:

«Օժիտ» խանութի աշխատակցուհի Ռուզաննան պատմեց, որ իրենց հաճախորդներն ամենատարբեր տարիքային խմբի մարդիկ են, քանի որ խանութում կա նաեւ նորածինների բաժին: Եթե նորածինների հագուստ գնելիս գալիս են սկեսուր-սկեսրայր, տատիկ-պապիկներով, ապա հարսանեկան օժիտի դեպքում` ամուսնացող աղջիկն իր մայրիկի հետ, կամ ամուսնացող զույգերը:

Երբեմն օժիտը գալիս է ընտրելու միայն մայրը` մտածելով, որ պետք չի դստերն էլ բերել, որովհետեւ ինքը դա ավելի լավ կարող է անել: «Գալիս են նաեւ փեսացուների հետ, ովքեր ասում են` բա ինձ ի՞նչ ես վերցնում, խալաթ չես վերցնո՞ւմ, եւ այլն, ճիշտ է` հումորային են ասում, բայց գնել են տալիս: Իսկ նորածին երեխայի օժիտը գնելիս պատահել է, որ եկել է սկեսուրը, ընտրել է եւ ասել` սա, սա, սա կասես մամադ առնի»,- պատմեց աշխատակցուհին:

Նրա խոսքով` ամենաշատը հաճախորդներ լինում են աշնանը, ինչպես նաեւ ձմռանը` Տյառնընդառաջի կապակցությամբ: Աշխատակցուհու կարծիքով`  եթե գումար լինի, ապա 2-3 օրվա ընթացքում կարող ես գնել ամբողջ օժիտը: Ժամանակակից հայ աղջկա օժիտը, նրա խոսքով, կազմում են անկողնու պարագաները` սպիտակեղեն, բարձեր, վերմակներ, ներքնակներ, ծածկոցներ, տարբեր տեսակի սրբիչներ, խալաթներ, հողաթափեր, ներքնաշորեր, ինչպես նաեւ ամուսնացողի հագուստը, կահույք, սպասք եւ այլն: Նրա խոսքով` հարսի օժիտի մի մասն արժենում է մոտ 400-500 հազար դրամ,  դրա մեջ չի մտնում կահույքը, սպասքը, ամուսնացողի հագուստը:

«Էլիտհոմի» աշխատակիցը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ օժիտ գնողները գալիս են ծնողների հետ, հիմնականում հաճախորդների հոսքը լինում է ամռան վերջին: Նրանք չնշեցին որեւէ մոտավոր գին` պատճառաբանելով, որ դա կախված է մարդու գրպանի պարունակությունից, ցանկությունից եւ ճաշակից:

«Ինտերհոմի» աշխատակցուհի Նառան եւս նշեց, որ իրենց մոտ օժիտ գնելու գալիս են մայրիկի հետ կամ պարզապես` ամուսնացող զույգերով: Նրա խոսքով` 300-500 հազար դրամով կկարողանան գնել անկողնու պարագաներ, սպիտակեղեն, սրբիչներ, խալաթներ, ծածկոցներ, սփռոցներ եւ նման բաներ:

«Մամադ մի բարձի երես էլ չտվեց քեզ» կամ «Ես տեղով մեկ օժիտ եմ»

Օժիտի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն նաեւ տարբեր տարիքային խմբի մարդիկ:  50-ամյա Գոհարը պատմեց, որ իր աղջկա օժիտն իր վրա արժեցել է մոտ 3 մլն դրամ: Նա դստեր օժիտը գնել է մոտ մեկ տարվա ընթացքում, այն իր մեջ ներառում է ոչ միայն անկողնու պարագաներ, սրբիչներ, խալաթներ, ներքնաշորեր, ամուսնացողի համար հագուստ, այլեւ վարագույրներ, սպասք, կահույք եւ այլն: Հարցին, թե աղջկան օժիտ է տվել, որպեսզի սկեսուրի մոտ լեզուն երկա՞ր լինի, Գոհարը պատասխանեց. «Սկեսուրի լեզուն շատ երկար է, հասնել հնարավոր չէ»:

55-ամյա Ելենան իր աղջկա օժիտը կուտակել է  տարիների ընթացքում, գնել է, գնել եւ մի օր էլ ամեն ինչը տվել աղջկան, ոչ թե աղջկա երեսը «պարզ անելու», այլ պարզապես` նորաստեղծ ընտանիքին օգնելու նպատակով:

Մեր հարցմանը մասնակցած արական սեռի ներկայացուցիչները միանշանակ պնդեցին, որ իրենց համար օժիտն ընդհանրապես կարեւոր չէ, փոխարենը կարեւոր է «հալալ կաթնակեր գտնելը, որ հնարավոր լինի տուն տանել»: Նրանցից միայն մեկը կեսկատակ կեսլուրջ խոստովանեց, որ դա էլ է կարեւոր, ինչպես աղջիկներն են ցանկանում ապահովված տղաների հետ ամուսնանալ, այնպես էլ` տղաները: Երիտասարդի խոսքով` ամուսնությունից հետո հազար ու մի խնդիրներ են առաջանում, որոնց լուծմանը նորաստեղծ ընտանիքները պատրաստ չեն, իսկ այս դեպքում աղջկա հայրական տնից բերված օժիտը կարող է մեծ օգնություն լինել:

31-ամյա Արամը, հարցը լսելուն պես, հիշեց իր կնոջ բերած ճոխ օժիտը` միաժամանակ շտապելով շեշտել, որ դա իրեն չի հետաքրքրում եւ դրանից ինչ-որ բան չի փոխվում: «Ես բացարձակապես չեմ էլ նայել կնոջս օժիտը, բայց մեջը երկու լավ սվիտեր կար ինձ համար»,- ժպտալով խոստովանեց Արամը: Իգական սեռի մի խումբ ներկայացուցիչներ, լսելով մեր հարցը, միանգամից հայտարարեցին. «Ես տեղով մեկ օժիտ եմ», նրանցից ոմանք ամուսնանալիս որեւէ բան չեն տարել, ինչպես օրինակ` Մարինեն, կամ էլ չեն պատրաստվում տանել, ինչպես օրինակ`  Աննան: Իսկ Հասմիկը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում խոստովանեց, որ թեեւ ինքը դեմ է  օժիտ տանելուն, բայց արդեն ամուսնացել է եւ օժիտն էլ պատրաստ է, պետք է տանի, քանի որ ծնողները ուրիշ կերպ են մտածում: Նրանք անպայման ցանկանում են աղջկան օժիտ տալ, որպեսզի օրերից մի օր սկեսուրը չշրջվի եւ ասի, որ «Մամադ մի բարձի երես էլ չտվեց քեզ»:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ