News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն (այսուհետ՝ Դիտորդական Խումբ) ակնկալում է, որ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն իր խոստումը կկատարի եւ ներողություն կխնդրի իրենցից, ինչպես նաեւ հետագայում զերծ կմնա իրավապաշտպանին ոչ հարիր հայտարարություններով իր գործընկեր կազմակերպություններին զրպարտելուց: Այս մասին նրանք հայտնել են իրենց տարածած հայտարարության մեջ` անդրադառնալով 2012 թվականի փետրվարի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ Միքայել Դանիելյանի այն հայտարարությանը, թե իբր Դիտորդական Խումբն իր զեկույցներում օգտագործել` copy paste է արել Հելսինկյան Ասոցիացիայի զեկույցները:

Նրանց հայտարարությունում նշվում է, որ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանի կողմից նմանատիպ հայտարարություն արվել էր նաեւ 2012 թվականի փետրվարի 8-ին Դիտորդական Խմբի կողմից նախորդ տարվա ընթացքում ներկայացված հրատապ հաշվետվությունների եւ դիմումների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ եւ Միքայել Դանիելյանը խոստացել էր ապացուցել իր հայտարարության ճշմարտացիությունը, իսկ հակառակ դեպքում ներողություն խնդրել Դիտորդական Խմբից: «Խումբն արձանագրում է, որ Միքայել Դանիելյանի կողմից 2012 թվականի փետրվարի 8-ին արված հայտարարությունը վերջինիս խոստման համաձայն մինչ այս պահը չի ապացուցվել, մինչդեռ լրագրողի հարցին ի պատասխան Միքայել Դանիելյանը կրկնել է նշված անհիմն հայտարարությունը նաեւ մամուլի ասուլիսի ժամանակ:

Դիտորդական Խումբը ձեւավորված լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից հավատարիմ է իրավապաշտպանության էթիկայի բոլոր սկզբունքներին եւ սույն հայտարարությամբ եւս մեկ անգամ հաստատում է, որ Խմբի զեկույցներում չեն օգտագործվել` copy paste արվել Հելսինկյան Ասոցիացիայի կամ մեկ այլ կազմակերպության զեկույցներ կամ դրանց հատվածներ, իսկ օգտագործման պարագայում հղումը տեղեկատվության աղբյուրին պարտադիր է»,- ասել են նրանք:

Նշենք, որ հիշյալ Դիտորդական խմբի ղեկավարը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է:

Տպել
Ամենաշատ