News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը, ինչպես նաեւ բանակում խաղաղ պայմաններում  զոհված զինծառայողների ծնողներն, այսօր` փետրվարի 23-ին, կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի առաջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել զինվորների ծնողների եւ ոստիկանների միջեւ: Մասնավորապես, ակցիայի մասնակիցներից` բանակում զոհված Վալերի Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը, երբ անցել է փողոցն ու փորձել մոտենալ նախագահականի դարպասներին, ոստիկանները նրան կոպտորեն հետ  են քաշել: Ոստիկաններից մեկը, փորձելով ուժով նրան հեռացնել նախագահական նստավայրի դիմացից, ճմրթել է նրա ձեռքում գտնվող մահացած որդու նկարը:

Այնուհետեւ դիմացի մայթին գտնվող ակտիվիստները եւս փորձել են անցնել ճանապարհը, սակայն ոստիկանները կանխել են նրանց փորձերը: Արդյունքում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց է առաջացել: Այնուամենայնիվ, նրանցից մի քանիսին հաջողվել է անցնել եւ կանգնել նախագահականի դարպասների մոտ: Սակայն ակցիայի մասնակիցների զգալի մասը շարունակում են մնալ նախագահական նստավայրի մայթի մյուս հատվածում:
Ակցիայի մասնակիցների պաստառների վրա գրված է. «Մի դակիր, որ չդակվես», «Ոչ բռնություններին, սպանություններին եւ բռնաբարություններին բանակում»:

Ակցիայի մասնակիցներից բանակում սպանված զինծառայող Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ իրենց նպատակն է, որպեսզի Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, ինչպես նաեւ եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ իշխանությունները դատավարությունը Երեւանից տեղափոխել են Տավուշի մարզ, որպեսզի հանրությունը մասնակից չլինի այդ գործին եւ չտեսնի, թե ինչ է կատարվում Հայաստանի դատարաններում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ