News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի մայրը` Կարինե Սուքիասյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին,  ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Ես Արմեն Պետրոսյանի մայրն եմ: Այն Արմեն Պետրոսյանի, ում 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած գտան եւ այդ փաստի առթիվ հարուցեցին քրեական գործ ինքնասպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու հատկանիշներով:

Որպես մայր ես չեմ հավատում իմ որդու ինքնասպանության վարկածին: Կարող եք ասել, որ ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, դրա իրավունքն ունեք, որովհետեւ ոչ մի մայր չի կարողանում իր որդու կորուստի հետ համակերպվել, ուր մնաց ինքնասպանության փաստի հետ: Ինչ խնդիր ուներ իմ որդին, նա հարուստ երիտասարդ էր, եւ կառավարում էր «Արայ» խանութների ցանցը, որը ոչ միայն Հայաստանում է, այլեւ` արտերկրներում: Այսօր ցանկացած երկրի հպարտությունը կարող է հանդիսանալ մի ընկերություն, որը 1988 թվականից գործում է արդար բիզնեսի կանոններով եւ ստեղծվել է ոչ թե սեփականաշնորհման արդյունքում պետությունից ստացված գույքի բազայի վրա, այլ «ոչնչից»:

Բայց որքան էլ ես այդպես մտածեի, հավատալով մեր երկրի իրավապահների արդարամիտ կեցվածքին, հանգիստ էի այն պատճառով, որ կպարզեն դեպքի իրական մանրամասները եւ իմ մայրական հոգին կհանգստանա:

Բայց այն, ինչ պարզվեց այս վերջին օրերին, ոչ միայն խառնեց մեր ընտանեկան անդորրը, այլ նաեւ մի շարք նոր հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ես եւ իմ շրջապատը չենք գտնում:

Ինչպես գիտեք, ինչ որ մի «բարեկամ» մեզ ուղարկեց այդ տեսագրությունը, որտեղ որդուս ընկերուհին` Տատյանա Չադենկովան (կամ քաղաքացիական կինը, նրանք պաշտոնապես չեն ամուսնացել) սպանության պատվեր է տալիս ինչ-որ մի Արթուրի, եւ այն էլ այն ժամանակ, երբ Տատյանա Չադենկովան գտնվում էր Հայաստանում: Ինչու եմ ասում «բարեկամ», որովհետեւ չգիտեմ, թե այդ անձը մեզ է օգնում, թե իրականում իր սեփական խաղն է խաղում: Հետագա զարգացումներն են, որ սկսեցին ինձ անհանգստացնել:

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է` «Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա  2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա:  Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում»:

Իմ տեղեկությամբ, Տատյանա Չադենկովան 2011թ. երկար ժամանակով Հայաստանում է եղել, հարց է ծագում` ինչ էր արել նա, ինչ էր նախապատրաստում: Քննիչին զարմացրել է, որ այդ տեսանյութը 2010 թվականին է եղել, ես չեմ հասկանում, հնարավոր է արդյոք դեպքի նախապատրաստությունը հաջորդի դեպքին:

Տեսանյութը դիտած յուրաքանչյուր քաղաքացի պարզորեն կարող է ասել, որ Եղիշե Պետրոսյանը բացահայտորեն ստում է, ավելին նախաքննական այնպիսի գաղտնիք է բացահայտում, որ կարող է գործի քննության ուղղությունը փոխել: Չէ որ այդ ոմն Արթուրը կարող է նույն կայքէջից տեղեկանալ, թե ինչ հեքիաթ է պատմել Տատյանա Չադենկովան եւ նույն հեքիաթը պատմել:

Ինչու նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանի Հանրապետությունում Արմենիս մահվանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը:

Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը եւ չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առեւանգելու մասին է:

Այդ Եղիշե Պետրոսյանի հայտարարությունը, տեսանյութը մեզ ուղարկելը, Տատյանա Չադենկովայի կողմից Արմենիս երեխային տանելու փորձը եւ դատարանի կողմից նրան հովանավորելը, քննիչի կողմից Տատյանա Չադենկովայի նկատմամբ նույնիսկ ստորագրություն երկրից չհեռանալու մասին չվերցնելը, ինձ հիմնավոր ներշնչում են մի պարզ համոզմունք- մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ անձինք կան այս ամենի հետեւում: Եթե տեղի է ունեցել սպանություն (ես դրանում համոզված եմ), ապա դա այնպիսի պրոֆեսիոնալ ձեւով է արվել, որ փորձագետները չեն կարողանում (կամ չեն ուզում) հակառակն ապացուցել:

Պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք կարող եք կանխել ապօրինի հովանավորչությունը, եւ անձամբ լինել այս գործի արդարացի լուծման երաշխավորը:

Ելնելով վերոգրյալից,

Հայաստանի Հանրապետության նախագահից խնդրում եմ` լինել մեր` ՀՀ քաղաքացիներիս անվտանգության երաշխավորը եւ հանձնարարել այս գործը պահել պատշաճ ուշադրության ներքո:

ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանապետից եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենից խնդրում եմ`

1. ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել նշված գործը եւ փոխանցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը` պրոֆեսիոնալ քննիչի կամ քննիչների:

2. Հանձնարարել նախաքննության մարմնին` ուսումնասիրություններ իրականացնել նաեւ Տատյանա Չադենկովայի Հայաստանյան կապերը` Արմեն Պետրոսյանի մահվանը նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաեւ պարզել ոմն Արթուրի գտնվելու վայրը եւ ինքնությունը»:

Տպել
Ամենաշատ