News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի մի խումբ աշխատակիցներ բաց նամակ են գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում դժգոհել են տոնական օրերի համար իրենց հասանելիք աշխատավարձի չվճարումից, դրանց ուշացումից ու աշխատանքային անվտանգ պայմանների բացակայությունից:

Այս առթիվ, Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունն, ի դեմս կոմբինատի արտաքին  կապերի տնօրեն Գագիկ Շահնազարյանի, արտադրության գծով տնօրեն  Լեւոն Վարդանյանի եւ լեռնահարստացուցիչ կոմբինատի գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանի, հանդես է եկել ասուլիսով, որտեղ փորձել է հերքել բաց նամակում արծարծված խնդիրների առկայությունը:

Կոմբինատի աշխատակիցների պնդմանը, որ իրենց  2012 թվականի հունվարի աշխատավարձը էապես տարբերվում է 2011 թվականի հունվարին վճարված աշխատավարձից, ինչն, ըստ իրենց, հետեւանք է տոնական օրերին իրենց  աշխատավարձը ճիշտ չհաշվարկելու, կոմբինատի գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանն ասաց, որ  հունվարի աշխատավարձը հաշվարկվել եւ վճարվել է ներկայիս գործող աշխատանքային օրենսգքրի հոդվածներին համապատասխան:

«Ընկերության այն բոլոր աշխատակիցները, որոնք հերթափոխային աշխատողներ են եւ հունվարի մեկից մինչեւ հունվարի 7-ը ներառյալ, ինչպես նաեւ հունվարի 28-ին, համաձայն իրենց աշխատանքային ժամանակացույցի հերթափոխի գրաֆիկի, գտնվել են աշխատավայրում, այդ օրերի համար իրենք վճարվել են կրկնակի»,-ասաց նա:

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի տնօրեն  Գագիկ Շահնազարյանն էլ նշեց, որ  վճարումները օրենքով սահմանված կարգով կատարվել են ամբողջապես:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ նախոդ տնօրենը որոշել է ավելին վճարել, իսկ ներկա տնօրենը` ոչ, Շահնազարյանը պատասխանեց. «Տվյալ պահին ֆինանսական վիճակը ներել է նման հարց լուծելու, իսկ այս տարվա աշխատավարձի վճարման ժամանակ նման խնդիր լուծելու ֆինանսական հնարավորություն չի եղել»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ