News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արամուս գյուղում կռիվ է ընկել, ինչի արդյունքում փետրվարի 21-ին, Աբովյանի բնակիչ, 44-ամյա Արթուր Սերոբյանը ստացել է գանգուղեղային վնասվածք եւ աջ դաստակի ոսկրի կոտրվածք։ Նրա կինը՝ Լարիսա Միքայելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշերը զանգել են ամուսնուն, հրավիրել դուրս զրուցելու այնուհետեւ մոտ 20 հոգով ծեծի ենթարկել նրան:

Հարցին, թե ո՞ւմ են կասկածում տեղի ունեցածում, Լ. Միքայելյանը պատասխանեց, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանի պատվերով: Իսկ պատճառը այն է, որ, ըստ կնոջ, դպրոցի տնօրենը 3 տարի առաջ ստիպել է դպրոցից հեռացնել իր 15-ամյա որդուն՝ Արտյոմ Սերոբյանին, եւ իրենք տղային տեղափոխել են հատուկ դպրոց: Դրանից հետո իրենց ընտանիքի եւ դպրոցի տնօրենի միջեւ կոնֆլիկտ է առաջ եկել:  Ավելին` այդ մասին մեկ ամիս առաջ կինը պատմել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շագալդյանին, ու հիմա իրենք համոզված են, որ կատարվածի հեղինակը դպրոցի տնօրենն է, ով այդկերպ ցանկացել է վրեժխնդիր լինել:

Հարկ է նկատել, որ երեխան ունի հենաշարժական ապարատի խնդիրներ եւ քայլում է դժվարությամբ։

Զրուցեցինք նաեւ տուժող Արթուր Սերոբյանի հետ, ով հիվանդանոցում է գտնվում: Վերջինս արձագանքելով հարցին, թե ինչ փաստեր ունի, որ դպրոցի տնօրենն է այդ ծեծը պատվիրել, նա պատասխանեց. «Ոնց բացատրեմ, այ քուր ջան, հենց ինքն ա կազմակերպիչը: Մենք հո անգրագետ չենք, 45 տարեկան մարդ ենք: 100 տոկոսով գիտեմ, որ ինքն է: Երեկվա երեխան չեմ, որ կոնֆետն ու շոկոլադը չջոգեմ իրարից: Թացն ու չորը դեռ ջոգում եմ»:

Դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանն էլ, արձագանքելով մեղադրանքին, մեզ հետ զրույցում ասաց. «Դա հերյուրանք է եւ իրականությանը չի համապատասխանում: Իրենք են ցանկացել երեխային տեղափոխել հատուկ դպրոց: Կա հոր դիմումը` երեխային հատուկ դպրոց տեղափոխելու համար եւ ես դա ներկայացրել եմ ոստիկանությանը: Ես ինչո՞ւ պետք է նման ապուշ անհիմն բաների համար ծեծել տամ: Բացի այդ, ես էդ մարդը չեմ: Երեխայի հայրն անընդհատ գիշերները հարբած զանգահարել է, սպառնացել, թե իմ պատճառով իրենց երեխան չի սովորում, սակայն հաջորդ օրը սթափ վիճակում ներողություն են խնդրել անցել-գնացել է»:

Ի դեպ Լարիսա Մկրտչյանն ասաց, որ այդ դիմումն իրենց ստիպելով են գրել տվել: «Բնութագիր էր պահանջվում, որ հատուկ դպրոց ընդունվեր: Տնօրենը ասել է, որ մինչեւ քո ձեռքով չգրես, որ իմ համաձայնությամբ եմ տանում, բնութագիր չեմ տա: Ամուսինս էլ դե տղամարդ է, հո չէ՞ր դնելու հոր ու աղջկա հետ քյալլա տար: Դպրոցը հոր ու աղջկա ձեռքն է, ինչ ուզում, էն էլ անում են»,- ավելացրեց տուժողի կինը:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հետաքննություն է կատարվում:

Իսկ Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանն ասաց, որ տեղյակ է դեպքից, սակայն չի կարող գնահատական տալ եւ կսպասեն հետաքննության ավարտին:

Տպել
Ամենաշատ