News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երաժշտական «Հայսուպերսթար» հեռուստանախագծի երրորդ հաշվետու համերգը ի սկզբանե խոստումնալից էր թվում: Ինչպես միշտ սրամիտ եւ հմայիչ հաղորդավար Արամ MP3-ի էֆեկտիվ բեմ դուրս գալը մեծ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Նա զմայլված հանդիսատեսին ներկայացավ «Նարնջագույն ամառվա արքայի» կերպարով, եթե ինչ-որ մեկը հիշում է «Բրավո» խմբի երբեմնի հայտնի երգը: Վանդակավոր անդրավարտիք, ծիծաղելի կեղծամ, նարնջագույն կոստյում եւ լիակատար ներդաշնակության համար` ակնոց: Այդ ամենն, իհարկե, հենց այնպես չէր, չէ որ համերգի թեման 60-ականների եւ 70-ականների հիթերն էին:

Համապատասխան միջավայրն ապահովում էին ոչ միայն հաղորդավարի, այլեւ մասնակիցների այդ ժամանաշրջանի ոճի կոստյումները, դիմահարդարումը եւ սանրվածքները: Հարկ է նշել, որ ոճաբաններն այս անգամ ջանք չէին խնայել, բայց ամեն դեպքում ամեն ինչ անթերի չէր: Եթե աղջիկները գեղեցիկ եւ ներդաշնակ տեսք ունեին, ապա տղաների աքսեսուարների հարցում ոճաբանները չափն անցել էին: Այսպես, օրինակ, բոլոր երեք տղամարդ մասնակիցները կեղծամներ էին դրել, ինչի պատճառով միանման ձանձրալի տեսք ունեին, ոմանք նույնիսկ  ծիծաղելի: Բայց ամեն ինչ լավ կլիներ, եթե դա խոչընդոտ չդառնար ու չփչացներ ելույթի տպավորությունը: Արթուր Մացակյանն, օրինակ, հիվանդագին ընդունեց ժյուրիի որոշ անդամների քննադատությունը, որոնց կատարողի կերպարն անտեղի էր թվացել: Իսկ մասնակիցն ինքը, որը «Հայկական տանգո» սիրային երգ էր կատարել եւ նվիրել այն Եղեգնաձորի իր մորաքրոջը, խոստովանեց, որ շատ է վշտացած, որ ինչ-որ մեկի մոտ ծիծաղ է առաջացրել, քանի որ ինքը շատ լուրջ էր վերաբերվել ստեղծագործությանը եւ ակնկալում էր միանգամայն այլ տպավորություն թողնել: Իրոք ափսոս, քանի որ նա բավական լավ երգեց, եւ, ըստ մեզ, մեղքի մի մասը ոճաբաններինն էր: Չէ որ կերպարի ներդաշնակությունը միայն կատարողական վարպետությամբ չի որոշվում: Տվյալ դեպքում երգը եւ ոճաբանների առաջարկած բեմական կերպարը ակնհայտ աններդաշնակ էին, ինչն էլ փչացնում էր բեմում տեղի ունեցածի լիարժեք ընկալումը: Սակայն մնացած դեպքերում ոճաբանները հիանալի էին աշխատել:

Առանց բացառության բոլոր աղջիկները իրենց գեղեցիկ վառ զգեստներով նման էին ծաղիկների: Բոլորի մեջ առանձնանում էր Սոնա Ռուբենյանը: Նա վարդ էր: Թանկարժեք, սեւ, կիսաբացված վարդ: Նրա անկեղծ եւ զգացմունքային երգը հիացրեց բոլորին:  «Կատարումը լինում է «ոչինչ», «միջին», «լավ» եւ «հիանալի»: Դու հիանալի էիր», - ասաց հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նրան ներեցին նույնիսկ վոկալային որոշ թերություններ, որոնք ելույթի ընթացքում եղան տեխնիկական պատճառներով: Բայց Սոնային դա չխանգարեց ժյուրիի անդամ Լեյլա Սարիբեկյանին մինչեւ հոգու խորքը հուզելիս, որին, իր իսկ խոսքով, շատ դժվար է հուզել:

Փոքրիկ դաշտային ծաղիկ Ռիմա Ֆարսյանը շատ միամիտ եւ պարզ էր իր գործողություններում, ինչպես եւ պետք է լինի համեստ ծաղիկը: Սակայն դա չի  նշանակում, որ այդ ծաղիկներն անգույն են: «Կարուսել» երգը Ռիմայի կատարմամբ ընդհանուր առմամբ ժյուրիի անդամները հավանեցին: Նրանք մասնավորապես նշեցին նրա առաջադիմությունը նախորդ համերգների համեմատ, սակայն երգիչ Անդրեն նշեց, որ դեռեւս խնդիրներ կան ցածր տոնայնություններում, իսկ Ավետ Բարսեղյանը խորհուրդ տվեց ազատվել ավելորդ մանկականից: Սակայն հետո ինքն էլ խոստովանեց, որ Ռիման արել է ամեն ինչ, ինչ կարող էր անել 16-ամյա աղջիկը:

Լիաննա Հարոյանը մեր կարմիր արեւային կակաչն էր: Նա առանձնանում էր դրական էներգիայով, սակայն Ավետ Բարսեղյանը խոստովանեց, որ այս անգամ Լիաննային չի հաջողվել իրենով լցնել դահլիճը: Շոումեն Գարիկն ասաց, որ կեսից ինքն արդեն սկսել է ձանձրանալ:

Հիասքանչ խոլորձ Արաքսյա Ամիրխանյանը չգիտեր «Ծաղիկները ում նվիրի»: Դա նրա երգն էր: Արաքսյան, ինչպես միշտ, բոլորին ուրախացրեց, սակայն ցավոք սրտի ոչ վոկալով, այլ իր երկար եւ գեղեցիկ ոտքերով:Անդրեն ամեն կերպ փորձում էր նրա համար արդարացում գտնել` հարցնելով, թե չկա դահլիճում ինչ-որ մեկը, որի ներկայությունն էլ շփոթեցրել է աղջկան, խանգարել է լավ ելույթ ունենալ: Սակայն մասնակցուհին պնդեց, որ նման բան չկա: Իսկ ահա Ավետ Բարսեղյանն այս անգամ նրան սովորական համարեց, սակայն չժխտեց ներուժի առկայությունը:

«Երեկոյան Երեւան» երգով Անահիտ Հարությունյանը եւս այնքան էլ ինքնատիպ չէր: Անդրեն կարծում է, որ բեմում լիովին բացվելու համար նրան խանգարում են բարդույթները: Ընդհանուր առմամբ այս մասնակցուհու մոտ մասնագիտական աճ չի նկատվում:

Շքեղ սպիտակ վարդակակաչի նման Էլիզաբեթ Ադիկյանը դեռեւս չի բացվել եւ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը: Սակայն, հնարավոր է, որ պատճառն այնքն էլ կատարողի մեջ չէ, որքան երգի նոր գործիքավորման մեջ, որի հետ, ի դեպ, համաձայն չէրն ժյուրիի որոշ անդամներ։ Ժյուրիի աջակցությունը նա, այնուամենայնիվ, ստացավ ի դեմս Ավետ Բարսեղյանի, ով գովեց նրան փորձարարությունից  չվախենալու համար։

Եւս մեկ մասնակցուհի Ջուլիետտա Սարգսյանը չկարողացավ ելույթ ունենալ առողջական խնդիրների պատճառով։  Ջուլիետտան այդ համատեքստում համերգի «չբացված» ծաղիկն էր. նրա մոտ թարախային անգինա է սկսվել: Վստահ եմ, որ վառ այս աղջնակը դեռ շատ անակնկալներ կարող է մատուցել: Շատ ցավալի կլինի, եթե նա հաջորդ համերգին չմասնակցի, քանի որ այն մասնակիցը, որը երկու համերգ է բաց թողնում, դուրս է մնում մրցապայքարից:

Ինչ վերաբերում է Արմեն Մարդանյանին եւ Երվանդ Մաթեւոսյանին, ապա երկու երիտասարդներն էլ ձանձրալի էին` չնայած որ վատ չէին երգում: «Սիրո մեղեդի» երգը կատարող Երվանդը թեպետ կրքոտ էր երգում, սակայն նման չէր արտիստի: Իսկ հանրահայտ  «Ով սիրուն, սիրունը» Արմենի համար չէր:

«Հայսուպերսթարի» երրոդ  մեծ համերգն ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց, չնայած որ եզակի կատարողների հաջողվեց իսկապես լավ ելույթ ունենալ: Հավանաբար բանը նրանումն է, որ զգալ եւ փոխանցել 60-70-ականների մթնոլորտը մասնակիցների համար շատ դժվար էր: Նրանք միայն կարող էին լսել այդ ժամանակների մասին: Իսկ թե ինչ էին հիշում կամ գիտեին այդ ժամանակների մասին ժյուրիի անդամները, կիմանաք կիրակի երեկոյան, երբ  համերգը եթեր հեռարձակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ