News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աղասի Արշակյանը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել Երեւանի թիվ 7 կամ 8 ընտրատարածքներից մեկում: Այդ մասին նախկին պատգամավորը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքի պատգամավորը հայտնի օլիգարխ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանն է, իսկ թիվ 8 ընտրատարածքինը` նրա փեսա Կորյուն Նահապետյանը: Երկուսն էլ մտադիր են առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա ընտրություններում:

Հարցին, մտավախություն չունի արդյոք, որ վարչական լծակների կամ ընտրակաշառքի միջոցով կարող են հաղթել իրեն, ապարանցի Աղասի Արշակյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինքը պետք է որոշի: Եթե կուզենա, որ ամեն ինչ մնա այդպես, ինչպես կա, ձայն կտա իրենց: Եթե ժողովուրդը փոփոխություններ ուզենա, ուրեմն ձայն կտա ինձ»: Պատգամավոր ընտրվելու ակնկալիքներ ունե՞ք` հաշվի առնելով ձեւավորված արատավոր ավանդույթները, հարցին էլ Աղասի Արշակյանը պատասխանեց. «Եթե ակնկալիք չունենամ, ինչո՞ւ եմ առաջադրվում»:

Խոսելով Սամվել Ալեքսանյանի մասին` Արշակյանը նշեց. «Կոնկրետ մենք ընկերներ չենք, բայց երկրացի ենք, բարեւ-բարլուս է եղել, ԱԺ մի գումարում միասին պատգամավոր ենք եղել, ես մի քիչ ակտիվ, ինքը` մի քիչ պասիվ»:

Բավական ազդեցիկ մրցակիցներ է ունենալու նաեւ Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Նա նախկինում վայելում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աջակցությունը, սակայն առաջիկա ընտրություններին գլխավոր դատախազն աջակցելու է մեկ ուրիշ համերկրացու` «Տիգրան Մեծ» տպարանի սեփականատեր Վրեժ Մարկոսյանին: «Մրցակիցները ձիարծավարանում են լինում: Առաջադրվողները պայքարելու են` իրենց տեսակետը ժողովրդին հասանելի դարձնելու համար»,- NEWS.am-ին հայտնեց Լյովա Խաչատրյանը` հավելելով, որ դեռ որոշված չէ, թե որտեղ եւ ինչ կարգավիճակով կառաջադրվի: Նրա խոսքով, ինքը հաստատապես առաջադրվելու է, բայց դեռ չի որոշել, թե որ ընտրատարածքում: Իսկ ձեզ համար անակնկալ էր արդյոք, որ գլխավոր դատախազն այժմ սատարում է Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը, հարցին Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ազատ քաղաքացիների երկիր է Հայաստանը: Յուրաքանչյուրն ինքն է որոշում` ում հետ ընկերություն անի»: Միաժամանակ նա պնդեց, որ շարունակումէ  ընկերություն անել Աղվան Հովսեփյանի հետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ