News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրիլի 8-ին մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որին, ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների փորձը, ակտիվորեն մասնակցում են նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիները: NEWS.am-ի հարցախույզը երգիչ-երգչուհիների շրջանում ցույց է տալիս, որ նրանց մեծ մասին նախընտրական քարոզարշավին մասնակցելու առաջարկ չի արվել, իսկ նման առաջարկի դեպքում դեռ չեն որոշել` կհամաձայնեն, թե` ոչ:

Այսպես, երգահան Վահրամ Պետրոսյանը եւ իր կինը` երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ապրիլի 13-ից երեք ամսով մեկնում են հյուրախաղերի նախ` ԱՄՆ, Ռուսաստանի 13 քաղաքներ, ապա` Հոլանդիա, Բելգիա եւ բացակայելու են Հայաստանից: Նախընտրական քարոզարշավին մասնակցելու խոսակցություններ, Վահրամ Պետրոսյանի փոխանցմամբ, եղել է, սակայն կոնկրետ հանդիպումներ չեն կայացել, որովհետեւ այստեղ չեն լինելու: Հայաստանում գտնվելու դեպքում էլ Վահրամ Պետրոսյանը դժվարացավ նշել, թե կհամաձայնեն մասնակցել նախընտրական քարոզարշավին եւ որ ուժի կողքին կկանգնեն` հավելելով, որ հեռու է քաղաքականությունից եւ նույնիսկ չգիտի, թե ինչ պայմաններով են երգիչները մասնակցում: Ի դեպ, ամուսինները նախորդ տարիներին չեն մասնակցել ընտրարշավներին: 

Երգիչ Արամեն եւս հնարավոր է խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքում չլինի, նա մեկնելու է հյուրախաղերի:

Երգչուհիներ Աիդա Սարգսյանը, Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու առաջարկ չեն ստացել, իսկ ստանալու դեպքում էլ` չգիտեն` կհամաձայնեն, թե` ոչ: Իսկ թե ինչի համար են համաձայնում մասնակցել նախընտրական քարոզարշավին, ինչ են առաջարկել դրա դիմաց, կամ ինչն է դրդել գնալ այդ քայլին, Զարուհի Բաբայանը պատասխանեց. «Ես իմ անձնական որոշումները չեմ քննարկում»: Իսկ երգչուհի Սոֆի Մխեյանը կհամաձայնի մասնակցել նախընտրական քարոզարշավներին, եթե առաջարկը իշխանական ուժի կողմից լինի: Ի դեպ, նրա հայրը` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախկինում ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը վերջերս է դարձել ՀՀԿ անդամ:

Երգչուհի Էմմա Պետրոսյանը եւ նրա ամուսինը` Արամոն, եւս նախընտրական քարոզարշավին մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել: Նրանց համար կարեւոր է, թե որ ուժի կողքին կկանգնեն, ինչի համար են դա անում եւ այլն:

Հարցված արտիստներից միայն երգիչ Հայկոն էր, որ հստակորեն նշեց, որ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում առաջադրվող, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի երաժշտական պրոդյուսերինգով է զբաղվելու: Ինչ վերաբերում է նրա կնոջը` երգչուհի Անահիտ Սիմոնյանին, ամուսինը պատասխանեց. «Անահիտը աղջիկ է, ո՞նց կարող եմ թողնել քաղաքականությամբ զբաղվի, որպես երգչուհի, եթե հարմար գտնեմ, համերգներին կհրավիրվի, կերգի»,- ասաց նա` հավելելով, որ ոչ մի դեպքում չի թողնի` կինը մասնակցի նախընտրական քարոզարշավին, եւ ավելին. «Ես իրեն ընդհանրապես քիչ եմ թողնում համերգներին երգի, ինքը երգում է այն նախագծերում, որը ես համարում եմ լավը իր համար եւ դա իրեն պետք է»:

Իսկ թե ինչի կամ որքան գումարի դիմաց է նա համաձայնել զբաղվել Վահե Հակոբյանի նախընտրական երաժշտական պրոդյուսերինգով, Հայկոն նշեց, որ նա իրեն հարազատ մարդ է, առաջին ընտրություններին էլ է նրան սատարել եւ կարծում է, որ Վահե Հակոբյանն այդ շրջանի համար շատ լավ գործեր է արել եւ անում է: «Որպես երաժիշտ եւ ՀՀ քաղաքացի` ես կարծում եմ, որ ինքը շատ արժանի է, որ ընտրվի, որովհետեւ այդ շրջանի համար շատ պետքական մարդ է»:

Նշենք, որ նախորդ տարիներին շոու բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը ՀՀԿ-ի կողմից են մասնակցել նախընտրական քարոզարշավներին: Մեր կողմից հարցվածներից, օրինակ, նախորդ տարիներին ընտրություններում ՀՀԿ-ական կուսակցության կամ թեկնածուի կողքին է կանգնել Արամեն, Հայկոն, Արամոն, Զարուհի Բաբայանը, Սոֆի Մխեյանը, Էմմա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ