News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Ալավերդի քաղաքում գետն ընկած «ԳԱԶԵԼ» մակնիշի ուղեւորատար մեքենայի վարորդի եւ ուղեւորի վիճակը բժիշկները գնահատում են միջի ծանրության: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը տեղեկացրեց, որ 18-ամյա Գրիգորի Ծատուրովը ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ստորին ծնոտի կոտրվածք, որի պատճառով կարիք ունի մասնագիտացված բուժօգնոթյան, իսկ նրա հայրը՝ 51-ամյա Էրիկ Ծատուրովը մեր հիվանդանոցում գտնվելու պահին դեռեւս բուժզննում էր անցնում: Վերջինիս մոտ, ըստ բժշկի, սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել, սակայն նրա վիճակը եւս գնահատվում է միջին ծանրության:

Ըստ բժշկի, նրանց վիճակը վատթարացրել է նաեւ ցրտահարությունը, քանի որ «ԳԱԶԵԼ»-ն ընկել է գետը ու երկար ժամանակ վիրավորները թաց հագուստով են եղել:

Նշենք նաեւ, որ դեռեւս վարորդը չի ենթարկվել սթափության աստիճանը ստուգող փորձաքննության:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Ալավերդի քաղաքում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել:

Ալավերդի քաղաքի միջքաղաքային «ԳԱԶԵԼ» մակնիշի 5 համարի երթուղին սպասարկող ավտոմեքենան, Ալավերդի քաղաքի Թումանյան 7 հասցեում` էլեկտրացանցի եւ ոստիկանատան շենքի հարեւանութամբ բախվել էր ճամփեզրի պատին ու ընկել գետը:

Վարորդը եւ ուղեւորն իրենց ուժերով կարողացել են դուրս գալ մեքենայից եւ կանգնել մեքենայի վրա, այնուհետ արդեն Ալավերդիի փրկարարները` Թումանյանի փրկարար բաժնի պետ Արմեն Բարսեղյանի ղեկավարությամբ պարաններով իջել են գետը, նրանց դուրս հանել ու տեղափոխել Ալավերդիի բժշկական կենտրոն:

Վթարի արդյունքում «ԳԱԶԵԼ»-ն ամբողջությամբ վնասվել է, ալավերդցիները եւ փրկարարները նշել են, որ ուղեւորները պարզապես հրաշքով են ողջ մնացել:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի

Տպել
Ամենաշատ