News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունում, մարտի 18-ին, կազմակերպվել էր «Կլոր սեղան»` քննարկելու մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարակից պուրակում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ոստիկանները կոպիտ կերպով պոկել էին ակտիվիստների փոքրիկ վրանը: Այս արարքը տարբեր գնահատականների էր արժանացրել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Կլոր սեղանի» հիմնական նպատակը հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումն էր` նաեւ քննարկման մասնակիցների միջոցով, ոստիկանության գործողությունների իրավական հիմքերի գնահատումը, հավաքի մասնակիցների կողմից իրենց իրավունքներն իրացնելիս այլոց իրավունքների խախտման դեպքերի վերլուծումը, ինչպես եւ` նման դեպքերում պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակը:

«Կլոր սեղանը» վարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Քննարկմանը մասնակցել են «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի», «ախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի», «ՀՀ փաստաբանների պալատի», «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Թռչկան» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության, «Սիվիլիթաս» հիմնադրամի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի», «Ժառանգություն» կուսակցության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, ոստիկանության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

«Կլոր սեղանի» մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումները եւ կոնկրետ դեպքի, եւ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման, հավաքների կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին մասնակիցները դրական են գնահատել քննարկումները եւ հույս հայտնել, որ այսպիսի հանդիպումները կլինեն պարբերական եւ արդյունավետ:

Ամփոփելով քննարկումը` Արթուր Օսիկյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ ակտիվ մասնակցության համար, նաեւ համոզմունք հայտնել, որ նման քննարկումները կօգնեն եւ ոստիկանությանը՝ հասարակական կարգը պահպանելիս, եւ քաղաքացիներին՝ իրենց իրավունքներն իրացնելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ