News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համակարգի հզորացման` «Թվինիգ» ծրագրի շրջանակներում այս պահին Երեւանում է գտնվում Եվրամիության պատվիրակությունը, որը նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում կեղծարարության եւ պիրատության դեմ պայքարի կարողությունը: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում պետք է կազմակերպվեն թրեյնինգներ, կատարվի փորձի փոխանակում: Ծրագրի մեջ կներառվեն նաեւ պետական մարմիններ, այդ թվում՝ իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանության 6-րդ վարչությունը, ՊԵԿ-ը. «Ծրագրի տեւողությունը 24 ամիս է: Ես կարծում եմ, որ այդ երկու տարվա ընթացքում շատ բան կփոխվի, ծրագրի շրջանակում իրականացվող փորձի փոխանակումը մեծ փոփոխություն կմտցնի հեղինակային եւ հարակից իրավունքների ոլորտում»,- ասաց նա: Բանախոսը տեղեկացրեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից ԵՄ ԵՀՔԳ 2008թ. ծրագրի շրջանակներում, իսկ բյուջեն կազմում է 1 միլիոն եվրո:

«Եթե իրավապահ մարմինները չգործեն այս ոլորտում, ապա ոչ մի դրական շարժ չի լինի: Այս ոլորտում օրենսդրական դաշտի հետ կապված առանձնապես անելիքներ չունենք, բայց պետք է նշել, որ միշտ էլ փոփոխության կարիք կա»,- նշեց նա:

Սուսաննա Ներսիսյանի խոսքով` ամենուրեք հանդիպում ենք հեղինակային իրավունքների մի շարք խախտումների, խախտվում են հեղինակի, կատարողի, ֆոնոգրամա արտադրողի իրավունքները. «Մեզ մոտ անօրինականության տոկոսն այնքան մեծ է, որ սպասել այլեւս հնարավոր չէր: Խախտվում են եւ´ հայաստանյան, եւ´ արտասահմանյան հեղինակների իրավունքները»:

Ամփոփելով` նա նշեց, որ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման հայցադիմումների աճ է նկատվում, իսկ առավել հաճախ հանդիպում են գրագողության վերաբերյալ դիմումներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ