News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունն ավարտել է Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ սկսած նախնական հետաքննությունը եւ գործին ընթացք տալու համար դիմել է Շվեյցարիայի ԱԳՆ-ին։

Թուրքական Doğan լրատվական գործակալության հետ զրույցում Ցյուրիխի գլխավոր դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հայտնել է, թե Էգեմեն Բաղըշը հետապնդվում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով։ Գլխավոր դատախազը նշել է, թե նախնական հետաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել ԱԳՆ, որի պատասխանից հետո պարզ կլինի դատական գործ բացե՞լ, թե՞ոչ։

Շվեյցարիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ դատախազությունը թուրք նախարարի անձեռնխելիության խնդրի հետ կապված հարցում է արել։ «Նման հարցումներն ու քննարկումները ԱԳՆ-ի եւ դատախազության միջեւ բնական երեւույթ են։ Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Դավոս եկած օտարերկրյա կառավարությունների բոլոր անդամներն ըստ միջազգային օրենքների օժտված են անձեռնմխելիությամբ։ Սակայն, ըստ միջադեպերի, անձեռնմխելիությունը կարող  կասեցվել։ Էգեմեն Բաղըշի դեմ դատական գործ սկսելու վերջնական որոշում կայացնելը ոչ թե ԱԳՆ-ի, այլ դատական մարմինների գործն է»,-ասվել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պատասխանում։

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտնի, թե Էգեմեն Բաղըշն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։ Սպասվում է, որ  Ցյուրիխի դատախազությունը Բաղըշի հետ կապված որոշումը կհայտնի ապրիլի սկզբին։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։ Այնուհետ Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը Բաղըշի դեմ նախնական հետաքննություն է սկսել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի հատկանիշներով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ