News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զրուցել է Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ  Վրեժ Շահրամանյանի հետ, մարզերում սեռական առողջությանն առնչվող խնդիրների շուրջ:

Պարոն Շահրամանյան, վերջին մեկ տարում կարծես թե ավելի շատ է խոսվում սեռական առողջության մասին, ավելացե՞լ են արդյոք բժկին դիմողները:

Իհարկե, տարիներ առաջ համեմատաբար ավելի քիչ էին դիմում մեզ, պատճառները տարբեր էին` սեռական մշակույթի առանձնահատկությունները, բժիշկ-սեքսապաթոլոգի մասին սխալ պատկերացումները եւ այլն: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսոպաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է,  որը բուժում եւ կանխարգելում է սեքսուալ խանգարումները: Կլինիկական փորձը վկայում է, որ երիտասարդ զույգերն սկսել են մինչ ամուսնանալն ավելի հաճախ դիմել մեզ: Կանայք, ովքեր, օրինակ, չգիտեին` ինչ է սեքսուալ բավարարվածության զգացումը,  այժմ, ունենալով համապատասխան գիտելիքներ սեքսուալ ոլորտի վերաբերյալ, սկսել են վերաիմաստավորել եւ կարեւորել անձնական սեռական կյանքը:  Կինը երկար տարիներ ձեւացնելով, թե, իբր, սեռական հաճույք է ստանում (սեռական հաճույքի իմիտացիա), ի վերջո, հոգնում է խաբեությունից եւ որոշում է դիմել սեքսապաթոլոգի օգնությանը, լրջորեն լուծել սեռական  խնդիրը եւ վայելել իսկական բավարարվածություն:

Եթե տարանջատենք մարզերում եւ Երեւանում ապրող հիվանդներին, կա՞ տարբերություն դիմողների թվի, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքի մեջ:

Բնականաբար, դիմողների շարքում ավելի շատ են մայրաքաղաքի բնակիչները: Պատճառներից մեկն այն է, որ սեռական առողջության վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի է երեւանաբնակներին:  Մարզերի բնակիչներն այս հարցում զգալիորեն տուժում են, ինչով էլ բացատրվում է նրանց դիմելիության փոքր թիվը: Բացի այդ, նաեւ առկա է տրանսպորտի եւ տարածության խնդիրը: Սեռական խանգարումների բուժման արդյունավետությունն ապահովելու համար ցանկալի է, որ պացիենտը լինի բժշկի հսկողության ներքո, ինչն այս դեպքում չի հաջողվում:

Ի՞նչ հարցերով են մարդիկ ավելի շատ դիմում ձեզ:

Մեզ դիմում են բոլոր այն խնդիրներով, որոնք վերաբերում են սեռական առողջությանը: Տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական  հետեւյալ խնդիրներով՝ իմպոտենցիա (սեռական թուլություն), վաղաժամ սերմնաժայթքում, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, անպտղություն, սեքսուալ խանգարումներ` պայմանավորված սեռավարակներով, պրոստատիտով, նեւրոզով եւ այլն, սեքսուալ աններդաշնակության հարցեր եւ այլն: Կանայք դիմում են հետեւյալ խնդիրներով` անօրգազմիա, վագինիզմ, սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, զզվանք սեռական հարաբերությունից, ցավ սեռական հարաբերության ժամանակ, սեքսուալ աններդաշնակություն եւ այլն:

Եթե խոսենք առանձին մարզերով, որ մարզերից են ավելի շատ դիմում բժշկին, ինչ հիվանդություններով ու ավելի շատ որ տարիքի մարդիկ:

Ավելի ցայտուն պատկեր է տղամարդու անպտղության պարագայում: Հատկապես անպտղության դեպքեր առավել հաճախ գրանցվում են  այն մարզերից եկած տղամարդկանց մոտ, ովքեր իրենց աշխատանքի բերումով շփվում են  քիմիական եւ թունավոր նյութերի հետ (Ալավերդի, Քաջարան): Թեեւ պետք է փաստեմ, որ Երեւանի տղամարդկանց վերարտադրողական` մանկածնման ֆունկցիան էկոլոգիական աղտոտվածության առումով նունպես հարվածի տակ է:

Հարցազրույցը` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ