News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի` բռնաբարության մեջ մեղադրվող որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանուշ Ամիրաղյանը, ով սակայն հրաժարվեց մեկնաբանել, թե ինչ հիմքերով է այն կարճվել` պատճառաբանելով, թե ոչնչից տեղյակ չէ:

«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Կարող եմ ասել, որ մեղադրանքը շինծու էր, հետեւաբար գործը կարճվեց, որը քննվում էր Սեւանի քննչական բաժանմունքում: Ես էլ ասելիք չունեմ»,-ասաց նա, հավելելով, թե չի պարզել, թե ովքեր են եղել կանգնած այդ շինծու մեղադրանքի հետեւում:

Հիշեցնենք, որ գործը ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղափոխվել էր Սեւանի քննչական բաժանմունք` օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: Իսկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ գործը կարճվել է մարտի 3-ին, քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի հատկանիշներով` հանցակազմի բացակայություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպք է գրանցվել: 2011-ի սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: 17-ամյա Լ.Ն.-ին բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին: Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանն ասել էր, որ այս պահի դրությամբ բռնության հետքեր չկան եւ պետք է սպասել, թե փորձաքննությունների եզրակացությունները ինչպիսին կլինեն:

Քննիչ Նասիբյանը հաստատել էր, որ երիտասարդներից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է, մյուսը` ոստիկանի որդի, հավելելով, որ այդ փաստն իր գործողությունները բացարձակ չի կաշկանդում: «Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը»,- ասել էր նա: NEWS.am-ը հայտնել էր, որ այդ գործով երեք երիտասարդ է հարցաքննվել, որոնցից մեկն էլ Սերգեյ Ամիրաղյան է` քաղաքապետի որդին:

Գործի սկզբից ձերբակալվածներ եւ կալանավորվածներ չեն եղել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ