News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում սոցիալական քարտերի տրամադրումը դեռեւս շարունակում է քաղաքացիների համար դժվարություններ առաջացնող գործընթաց լինել: Դրա հետ նույնիսկ չեն վիճում համապատասխան կառույցներում, այլ լրջորեն մտածում են ընթացակարգերն  առավելագույնս պարզեցնելու մասին:

Ինչպես NEWS.am–ի թղթակցին հայտնեց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Պետրոսյանը, ներկայումս մի քանի տարբերակ է դիտարկվում. «Մենք ցանկանում ենք սոցքարտերի տրամադրման գործընթացում նոր տրամաբանություն եւ տեխնոլոգիաներ ներդնել` ի՞նչ է հարկավոր քաղաքացուն` քա՞րտը, թե՞ սոցիալական իրավունքներ իրակացնելու համար նույնականացման համարը: Կարծում ենք, առաջնայնությունը երկրորդինն է»:  Քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Նորքի» գլխամասային գրասենյակ կամ սոցծառայության  տարածքային բաժին: Սոցիալական քարտի էլեկտրոնային տարբերակն էլ հնարավոր է ստանալ էլեկտրոնային փոստով կամ բջջային հեռախոսով, եւ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի, ու անհրաժեշտություն չի լինի դրա համար հերթ կանգնել, հատկապես որ այս փուլում  քաղաքացիներից շատերը փոխում են հին անձնագրերը եւ ստիպված են փոխել նաեւ սոցքարտերը:

Ներկայումս դիտարկվում է  սոցքարտի` էլեկտրոնային ձեւաչափով տրամադրման մի քանի նոր հնարավորություն` էլփոստի, բջջային հեռախոսի  կամ վճարային պորտալների միջոցով:  Թե որ տարբերակը կներդրվի եւ երբ նոր համակարգը կգործի` առայժմ որոշակիացված չէ, սակայն  համապատասխան բանակցություններ տարվում են: Գործընթացը պայմանավորված է նրանով, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում նույնականացման քարտերի մասին նոր օրենքը, որը որոշակի ճշգրտումներ կկատարի նաեւ «Նորք» կենտրոնի աշխատանքներում:

Հրաչյա Պետրոսյանի խոսքով` տեխնիկական բնույթի հարցերը մեծ դժվարություններ չեն առաջացնում, ավելի բարդ են իրավական բնույթի հարցերը. «Օրինակ, սոցքարտերը անվճար են: Սակայն ինչպես բջջային ցանցը, այնպես էլ վճարային տերմինալները պատականում են մասնավոր ընկերությունների, եւ այստեղ ծառայության դիմաց վճարման խնդիր է առաջանում»,-նշեց Պետրոսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, սոցքարտի ստացման գործընթացը  այնքան էլ հեշտ չէր` կենտրոնական գրասենյակում հերթերի պատճառով: Հիմա արդեն հնարավոր կլինի գրանցվել համացանցով  եւ քարտն ստանալ առանց հերթի, սակայն երբեմն համակարգի խափանման պատճառով  հայտը ընդունված չի համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ