News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից եւ հաստատումից հետո նիստի մասնակիցներն անդրադարձել են հիմնադրամի վարչակազմակերպչական եւ ծրագրային հաշվետվություններին: Այնուհետեւ վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման միտումները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ 2011 թվականին արձանագրվել է Համախառն ներքին արդյունքի 4,6 տոկոս աճ: Վարչապետի խոսքով՝ կարեւոր է այն, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի փոփոխություն, մասնավորապես, ՀՆԱ-ում ավելանում է արդյունաբերության տեսակարար կշիռը, որն ունի աճի ավելի բարձր տեմպեր, քան մյուս ճյուղերը: «Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 2010-ի անկումից հետո գյուղատնտեսությունում նախորդ տարի արձանագրվեց 14 տոկոսանոց աճ, որը մի կողմից պայմանավորված է 2010-ի անկման բարձր ցուցանիշով, մյուս կողմից՝ իրականացված բազմաթիվ նոր ծրագրերով: Կառավարությունը գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել է շուրջ 14 միլիարդ դրամի վարկ, օժանդակություն է ցուցաբերվել պարարտանյութի եւ սերմերի ձեռք բերման գործում: Ընդհանուր առմամբ, 2011-ին արտահանման աճի տեմպերը գերազանցեցին ներմուծման տեմպերին, ինչը դրական երեւույթ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությանը հաջողվել է ամբողջությամբ կատարել պետական բյուջեն, միաժամանակ նվազեցնելով պետբյուջեի դեֆիցիտը: 2011-ին ծրագրված 3,9 տոկոսի փոխարեն արձանագրվել է 2,7 տոկոս դեֆիցիտ: Նշելով, որ 2012-ի համար ծրագրվել է 2,9 տոկոսանոց դեֆիցիտ՝ Տիգրան Սարգսյանն ընգծել է, որ իրականացվելու է դեֆիցիտի փուլ առ փուլ նվազեցման քաղաքականություն:

 Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականության ռամավարությունը, որն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկի «Գործարարություն 2012. Գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում զեկույցում» նախորդ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 6 կետով, եւ մեր երկիրն այժմ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 55-րդ տեղը: «Ամենակարեւորն այն է, որ Հայաստանն առաջինն է իրականացրած 5 բարեփոխումների քանակով: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նոր հաջողություններ ունենանք, այսինքն պետք է շարունակենք լրջագույն բարեփոխումների իրականացումը: Մեր խոցելի կետը հարկային եւ մաքսային վարչարարությունն է, հույս ունենք, որ 2011-ին իրականացրած այն փոփոխությունբները, մասնավորապես, էլեկտրոնային համակարգով հաշտվետվությունների ներդրումը, ընդհանուր հաշվետվությունների կրճատումը, վարչարարական կանոների պարզեցումը, իրենց դրական դրսեւորումները ցույց կտան այս տարվա ընթացքում»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի կատարողականի վերաբերյալ մոնիտորինգը: «Մեր կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները գնահատվել են գերազանց: Այսինքն, մեր ստանձնած պարտավորություններում չկա որեւէ մի կետ, որը չենք կատարել: Ավելին, ունենք գերակատարում եւ այդ առումով արժանացել ենք հիմնադրամի բարձր գնահատականին: Հաշվի առնելով մեր կատարողականը՝ ակնկալում ենք, որ ԱՄՀ-ի կողմից կունենանք լրացուցիչ արտոնյալ վարկային միջոցներ: Ընդ որում, հիմնադրամի ներկայացուցիչների գնահատականներով դրա հավանականությունը մեծ է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ԱՄՀ-ն գնահատել է նաեւ Հայաստանի ֆինանսական ոլորտը, եւ վարչապետի խոսքով, փարատվել են ֆինանսական հատվածում առկա ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները: «Բավականին դրական եզրակացություններ են տրվել մեր մակրոտնտեսական կայունության, ֆինանսական ոլորտի, բանկային համակարգի եւ վերահսկողության բնագավառի վերաբերյալ, ինչը մեզ համար կարեւոր էր: Այժմ ավելի հանգիստ կարող ենք նայել դեպի ապագան»,- ասել է գործադիրի ղեկավարը:   

Վարչապետը նշել է, որ Համաշախարհային բանկը եւս դրական է գնահատել Հայաստանի կատարողականը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկում առաջացող ավելցուկային ֆինանսական միջոցները կվերաբաշխվեն ի օգուտ մեզ եւ մենք կստանանք մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կօգնի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության հետ համագործակցության գործընթացքում արձանագրվել են ակնառու հաջողություններ: «Արդյունքում, ԵՄ-ն հանդես եկավ Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի շուրջ քաղաքական հայտարարությամբ: Այսինքն, այն նպատակը, որը դրել էինք մեր առջեւ, կատարվեց: Առաջիկայում մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք, որպեսզի ՀՀ-ում ներդնենք ԵՄ-ի կողմից պահանջվող չափանիշները եւ վավերացնենք այս համաձայնագիրը, որը լուրջ առաջընթաց կապահովի մեր երկրի համար»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաեւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկերի հետ համագործակցության արդյունքներից: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 500 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ