News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-3-ին կժամանի Հայաստան:

Ինչպես  NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից,  այցը նվիրված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը ապրիլի 2-3-ը Հայաստան կատարելիք այցի ընթացքում կբանակցի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշում են Ռուսաստանի ԱԳՆ-ում, «օրակարգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նախեւառաջ` Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս` 2012թ. հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպման լույսի ներքո»:

Այնուհետեւ, ապրիլի 3-4-ը Լավրովը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:  Նա կզրուցի նաեւ Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի եւ Միլի Մեջլիսի նախագահ Օկտա Ասադովի հետ: Բացատրական բանակցություններ կտարվեն արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Մամեդյարովի եւ Լավրովի բանակցությունների ընթացքում կքննարկվի երկկողմանի օրակարգի հարցերի ամբողջ սպեկտրը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները:

Ինչպես նշում են ՌԴ ԱԳՆ-ում, կողմերը կդիտարկեն կասպիական խնդիրը, ինչպես նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, ափամերձ երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր: 

Կշոշափվեն տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների բազմակողմ համագործակցության հետ կապված հարցեր, նաեւ հաշվի առնելով 2012-2013թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը: Միաժամանակ, Բաքու, ինչպես նաեւ Երեւան կատարելիք այցում օրակարգում է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ