News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի շաբաթ է քաղաքացիները չեն կարողանում ոստիկանության անձնագրային բաժիններից ստանալ իրենց անձնագրերը, ինչը լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել: NEWS.am-ը նույնպես ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր նշել են, որ արդեն երկար ժամանակ է, չեն կարողանում անձնագիր ստանալ ոչ իրենց վարչական շրջանի ոստիկանության անձնագրային բաժիններից, ոչ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից:

Այս խնդրի շուրջ NEWS.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանից, ով նշեց, որ պատճառները տեխնիկական են:

Նրա խոսքով, նոր սերնդի անձնագրերի ներդրման կապակցությամբ աշխատանքներ են կատարվում եւ այդ նոր տվյալների բազայի շտեմարանն է ձեւավորվում, որը պետք է բնակչության պետական ռեգիստրի հին բազայի հետ նույնացվի, հետեւաբար, այդ աշխատանքների կատարման ժամանակ համակարգն իր ամբողջ հզորությամբ չի կարողանում աշխատել եւ տվյալների սխալներ են լինում տպագրության ժամանակ:

«Դրա համար էլ մենք մեր քաղաքացիներից ներողություն ենք խնդրել պատճառված անհարմարությունների համար եւ հավատացած եղեք 1-2 օրվա ընթացքում մենք այս իրավիճակից դուրս կգանք եւ արդեն բնականոն կաշխատենք»,- հավատացրեց պարոն Քոչարյանը:

Հարցին, թե այսինքն` մինչեւ ընտրություններ խնդիրը կարգավորված կլինի՞, նա արձագանքեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ խնդիրը մինչեւ ընտրություններ կարգավորենք»: Քոչարյանը նաեւ չկարողացավ նշել, թե մոտավորապես քանի քաղաքացի հայտնված կլինի նման իրավիճակում: «Ներկա պահին օբյեկտիվ պատճառներից ելնելով չեմ կարող նման թիվ ասել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ