News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի հրամանով մարտի 31-ին Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար նշանակված, նախկինում ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյան դեռ չի կարող ասել իր ենթակայության տակ նոր կադրային փոփոխություններ կլինեն, թե` ոչ: «Ես ոչ ոքի չեմ կարող ասել «Դու ազատված ես աշխատանքից», առանց նրանց հետ ծառայելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երանոսյանը, ով սիրով պատասխանեց մի քանի այլ հարցերի:

Պարոն Երանոսյան, Ձեզ համար անակնկա՞լ էր պաշտոնի փոփոխությունը: Նոր պաշտոնում ի՞նչ առաջնային խնդիրներ, բացեր կան, որոնք առաջիկայում փորձելու եք  լրացնել:

Անակնկալ էր, իսկ, եթե ուզում եք իմանալ մնացածի մասին, ես առայժմ համակարգին ծանոթ չեմ, եթե ցանկություն կունենաք 1 շաբաթից կհանդիպենք եւ կզրուցենք այդ թեմայով:

Այսինքն անակնկալի՞ եք եկել այս տեղափոխությունից:

Նայած, թե անակնկալ ասելով ինչ ենք հասկանում: Հանրապետության նախագահն է նշանակում արել. ես պլանավորված ոչինչ չեմ ունեցել եւ  իմ ծառայության մեջ եմ եղել: Ես պետական մարդ եմ եւ ինձ համար որեւէ տեղաշարժի համար «անակնկալ» հասկացողություն չի կարող լինել: Հանրապետության նախագահը գտել է, որ իմ աշխատանքը այդտեղ է պետք, ուրեմն այդտեղ է պետք եւ տեղափոխել է: Մեր համակարգում «անակնկալ» չկա:

Ուրա՞խ եք, որ նոր պաշտոնի են նշանակվել. Նախկին աշխատա՞նքն էր Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ ներկայիս:

Որտեղ  գտնում են նպատակահարմար իմ ծառայությունը, այնտեղ էլ լավ է: Եթե երկրի նախագահը նպատակահարմար է գտնում այդ ձեւով աշխատելը, ուրեմն ես որպես  պետական ծառայող ասելու բան չունեմ:

Իսկ ինչպե՞ս անցավ Ձեր առաջին աշխատանքային օրը նոր պաշտոնում:

Ես առայժմ աշխատանքի դեռ չեմ անցել: Եթե անցած լինեի` սիրով կպատմեի:

Իսկ Ձեր ենթակայության տակ նոր կադրային փոփոխությունների սպասե՞նք, թե` ոչ:

Հիմա ես չեմ կարող քո հարցին պատասխանել: Մարդիկ լինում են տարբեր բնավորության տեր: Եթե համակարգը կայացած համակարգ է, ես ինչո՞ւ պետք է փոփոխությունների դիմեմ: Ես չեմ ցանկանում մարդկանց միջեւ տարբերություններ դնել: Ես միանշանակ զինվորական եմ եւ խստագույնս իմ պահանջները պետք է ներկայացնեմ: Ինձ թվում է կայացած համակարգի բոլոր ծառայողներն էլ համամիտ կլինեն ինձ հետ:

Այսինքն տրամադրված չե՞ք փոփոխությունների:

Ես Ձեր հարցին հիմա չեմ կարող պատասխանել: Ես, համենայնդեպս, ոչ ոքի չեմ կարող առանց նրանց հետ ծառայելու ասել. «Դուք ազատված եք աշխատանքից»:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ