News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որեւէ արատավոր երեւույթի մեջ, որի մեջ կրիմինալ կա, ես չէի կարող կապ ունենալ, քանի որ աշխատել եմ ազնիվ ու խիղճս հանգիստ է, ով ինչ կուզի թող գրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն` արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարկումներին եւ մեղադրանքներին:

Նշենք, որ, ըստ մամուլի հրապարկումների, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի պաշտոնանկության պատճառը նրա թույլ տված չարաշահումներն են, ինչի առթիվ ՀՔԾ-ում քրեական գործ է քննվում: Նշվում է, որ Գաբրիելյանն իր ենթակաների հետ միասին զենք-զինամթերք եւ զինտեխնիկայի պահեստամասեր է վաճառել, իսկ քրեական գործի «կծիկն» այնքան է բացվել, որ հասել է մինչեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Անգամ նրա կալանավորման հարցն է դրվել, ինչը, սակայն, Սերժ Սարգսյանը թույլ չի տվել` ասելով, թե այս ընթացքում ցնցումներ պետք չեն:

Այս խնդիրների շուրջ զրուցեցինք Ալիկ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, ծանոթ եք հրապարկմանը, ինչպե՞ս կարձագանքեք Ձեզ առաջադրված մեղադրանքներին:

Դա այնքան լկտի հերյուրանք ա, վիրավորվում եմ ուղղակի: Բա անհարմար չի՞, կարելի՞ է զրպարտել մարդուն անիմաստ տեղը: Ես ինչ կապ ունեմ, ես ինչ գիտեմ Գաբրիելյան Գարեգինին ինչի՞ են հանել, ոչ էլ ուզում եմ հետաքրքրվել: Ինձ չի հետաքրքրում, ես ոստիկանության հետ հիմա ընդհանրապես կապ չունեմ: Մի բան գիտեմ, որ ես կապ չէի կարող ունենալ: Ես, որեւէ արատավոր երեւույթի մեջ, որի մեջ կրիմինալ կա, չէի կարող կապ ունենալ, քանի որ աշխատել եմ ազնիվ ու խիղճս հանգիստ է, ով ինչ կուզի թող գրի:

Ասում են, որ Սերժ Սարգսյանը թույլ չի տվել, որ ձեզ կալանավորեն այս ընթացքում ցնցումներից խուսափելու համար:

Նորից կարող եմ կրկնել, որ ինչ մեղադրանք իմ հասցեին հնչեցվել է, բոլորը զրպարտանք է: Ես կապ չունեմ, ոչ մի բանի հետ: Նույնիսկ չեմ ցանկանում հիմա մանրանալ Գաբրիելյան Գարիկի եւ մյուսների մասին խոսել, քանի որ կապ չունեմ, հավատացեք կապ չունեմ: Եթե կապ ունենայի հավատացեք, որ վաղուց էի պատժվել: Չկասկածեք:

Այս դեպքում որտեղի՞ց ինֆորմացիոն նման արտահոսքը:

Ինչ-որ մեկը դա կազմակերպում է, ես հասկանում եմ: Ինչ-որ մեկը մի բան բերում հասցնում է տեղ: «Միամիտ» սեղանի շուրջ ինչ-որ բաներ են ասում, որ թերթերում դա արձագանք է ստանա միայն իմ անունը շոշափելու համար, այն էլ վարկաբեկելու նպատակով, ինչի չեմ հասկանում: Ինչ-որ ուժ է իմ դեմ աշխատում, բայց, թե ով` դեռեւս չգիտեմ:

Կասկածներ էլ չունե՞ք, թե ինչ ուժեր են:

Ես ուղղակի ասում եմ, որ որեւէ բանի հետ առնչություն չունեմ: Ես աշխատել եմ ազնիվ, մաքուր: Հետագայում ինչ կպարզվի, ով ինչի համար պատասխան կտա, հավատացեք, ես կապ չունեմ եւ չեմ կարող ունենալ:

Իսկ ի՞նչ կասեք ՀՔԾ-ում քննվող գործի մասին:

Ասում եմ, որ դա չոր հերյուրանք է: Իմաստը հասկանում եք չէ` ընդհանրապես ինձ հետ չքսվող բան է: Ինչ-որ մեկի ֆանտազիան է: Հավատացեք: Ինձ երբեւիցե, որեւիցե մեկը այդ հարցով նույնիսկ չի ակնարկել: Իսկ ես էլ չէի կարող, որեւիցե կեղծ փաստաթուղթ ստորագրած լինեի դա բացառված է:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ