NEWS.am-ը 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին շարունակում է նյութեր հրապարակել «Վերապրածները» նախագծի շրջանակներում:

«Վերապրածները» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է,  փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածները» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը։

«Վերապրածներից» է 101-ամյա ԱՀԱՐՈՆ ՄԱՆՈւԿՅԱՆԸ

Մորը  հիշելիս Ահարոն պապը փակում է աչքերը։ Տարիների մշուշը շատ բան է ջնջել հիշողությունից, բայց հին հուշերը դեռ ապրում եւ հուզում են  ծեր  սիրտը (ֆոտոռեպորտաժ

-Հայրս անսահման սիրում էր իր մորը,- պատմում է դուստրը՝ Ռուզաննան՝ ցույց տալով երիտասարդ կնոջ դեղնած նկարը, որի դեմքին կարծրացած են խիզախության ու թաքցրած տառապանքի հետքերը...

1914թ. մարտի 20-ին Մանուկյանների ընտանիքում ծնվեց 3-րդ որդին, որին կոչեցին Ահարոն։

1915թ. Մանուկյանների ընտանիքի նահապետին՝ Խաչիկին, սպանում են Վանի ինքնապաշտպանության ժամանակ։ Իմանալով սիրելի ամուսնու մահվան մասին՝ երիտասարդ Մարիամը հապճեպ հավաքում է երեխաներին եւ լքում հարազատ տունը, որի շեմից ներս մտնել նրան այլեւս վիճակված չէր։

-Մայրս ինձ ձեռքերի վրա էր տանում, իսկ Մելիքսեթն ու Վահրամը բռնել էին նրա փեշից,- պատմում է Ահարոն պապը։

Այսպես, օրուգիշեր պայքարելով հոգնածության եւ սովի դեմ, նրանք փախչում էին մահվան ճիրաններից՝ հեռվում թողնելով անցյալն ու հայրենի տան ջերմությունը։ Կանգ առնել չէին կարող. ամեն քայլափոխի նրանց կարող էին հասնել թուրք զինվորականները, որոնք, ճանապարհին դարանակալած, սպասում էին ջարդերից մազապուրծ հայերին։

Եվ 1915թ. մի օր նրանք՝ ուժասպառ եւ մոլորված, հասան Էջմիածին։

-Մայրս տնից տուն էր գնում, ողորմություն խնդրում մեզ համար,- պատմում է Ահարոն պապը եւ թաքցնում աչքերը, որոնք մատնում են հոգում փոթորկող հույզերը։

Սենյակում անհարմար լռություն է տիրում։ Երկու-երեք րոպե այդ լռությունը խախտում են միայն ժամացույցի տկտկոցը եւ ծերունու խռպոտ շնչառությունը։ Բաց պատուհանից ներս է հորդում թռչունների ծլվլոցն ու անցնող մեքենաների աղմուկը։

-Ի՞նչ եղավ հետո։

-Մարիամ տատիկս տղաների հետ գնաց Լենինական եւ նրանց հանձնեց ամերիկացի ամուսինների կողմից հիմնած որբանոցը։ Հայրս նրանց անվանում էր միստր Յարո եւ միսիս Լիմին։ Նրանք կորցրել էին իրենց միակ որդուն եւ որպեսզի հաղթահարեն դառը կորուստը, իրենց նվիրել էին որբերի դաստիարակության գործին,- ընտանիքի պատմությունը շարունակում է Ռուզաննան։

Նրա պատմելով՝ Ահարոն պապը որբանոցից հետո սովորություն էր դարձրել բարձի տակ կոնֆետներ եւ քաղցրավենիք պահել։

1920-1921թթ. ամերիկացի ամուսինները պատրաստվում էին վերադառնալ ԱՄՆ։ Այդ ժամանակ Մարիամն արդեն աշխատանք էր գտել լվացքատանը եւ տղաներին որբանոցից վերցնում է իր մոտ։ Մի օր միսիս Լիմինը նրան հյուր է գալիս։

- Նա ուզում էր հորս որդեգրել եւ տանել Ամերիկա՝ խոստանալով, որ նա ոչ մի բանի կարիք չի ունենա։

- Իսկ ինչու՞ հենց նրան։

- Հայրս շատ էր նման նրա մահացած որդուն, եւ կինը ցանկանում էր նրան տալ այն սերն ու ուշադրությունը, որը չէր հասցրել տալ իր երեխային։

Սակայն ո՛չ ամերիկուհու հորդորները եւ ո՛չ էլ ապահով կյանքի խոստումները չհամոզեցին Մարիամին հրաժարվել Ահարոնից։ Այդ ժամանակ միսիս Լիմինը մի վերջին ջանք է գործադրում երեխային  տանելու համար՝ սեղանին դնելով իր ոսկե զարդերը։ Սակայն կարիքի մեջ ապրող Մարիամն անդրդվելի է մնում։

1945թ. Ահարոնը, ոգեւորված Վանի մասին մոր պատմություններով, ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Դրանից հետո նրան հրավիրում են դասախոսություններով հանդես գալ տարբեր ԲՈՒՀ-երում, որից հետո նրան աշխատանք են առաջարկում Գիտությունների ակադեմիայի կենդաբանության ինստիտուտում։ Կարծես թե կյանքն իր հունով էր ընթանում եւ ամենամեծ դժվարություններն արդեն անցյալում էին մնացել։

1952թ. Ահարոնն ամուսնանում է Հռիփսիկ Թադեւոսյանի հետ։

-Նույն տարում մահացավ Մարիամ տատս։ Հայրս շատ ծանր էր տանում մոր մահը։ Նրանից մնացած միակ բանն այս լուսանկարն է,- հոգոց է հանում Ռուզաննան։

Երիտասարդ ընտանիքում ծնված առաջնեկ դստերն անվանում են տատիկի պատվին՝ Մարիամ։ Նրանից հետո լույս աշխարհ են գալիս Լուսինեն, Արամը եւ ինքը Ռուզաննան։

-Հայրս երբեք Վանի մասին հիշելու առիթը բաց չի թողնում։ Ամեն անգամ, երբ մենք ձուկ ենք ուտում, նա ասում է. «Դուք պետք է վանա տառեխը փորձեք»։ Մենք գիտենք, որ նա ինքը երբեք չի կերել այդ ձուկը, բայց հասկանում ենք, թե որքան կարեւոր են նրա համար հայրենիքի մասին այդ պատմությունները։

Ահարոն պապը նստած է լուռ, փակ աչքերով։ Քնած է նա, թե ոչ, չգիտեմ։ Մայր մտնող արեւի վերջին շողերը փայլում են տան հնամաշ պատերին, որը վաղուց վերանորոգման կարիք ունի։ Սենյակի մի անկյունում դրված խունացած բազկաթոռին, ձեռքերը ծնկներին դրած՝ նստած է Հռիփսիկ տատը։

Այսօր ծեր ծնողների խնամքի ողջ ծանրությունն ընկած է Ռուզաննայի ուսերին։

- Մենակ շատ դժվար է։ Երբեմն հագցնելը, լողացնելը, սափրելը մեծ խնդիր է,- պատմում է Ռուզաննան՝ ինձ դեպի դուռն ուղեկցելով։

Մի քանի րոպե անց №31 բնակարանի դուռը կփակվի, եւ նրանից այն կողմ կմնա եւս մի պատմություն այն ազգի, որը, բախվելով անմարդկային դաժանության, կարողացել է ապրել՝  պահպանելով իր մեջ մարդկային բարձր արժանապատվության զգացումը։

Անի Աֆյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

«Վերապրածները» նախագծի նախորդ նյութերը՛ 100 տարի զղջման սպասումով. Խոսրով Ֆրանգյան100 տարի զղջման սպասումովԱրեւալույս Ամալյան, 100 տարի զղջման սպասումով. Մարգարիտա Մխիթարյան