11 օր շարունակվող ցույցերից եւ հրաժարականի պահանջներից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Տարածված հայտարարությունում նա դիմել է քաղաքացիներին՝ նշելով, որ փողոցի պայքարն իր պաշտոնավարման դեմ է, եւ ինքը կատարում է այդ պահանջը: Երկրի ղեկավարի պաշտոնում նա «վերջին անգամ դիմել է բոլոր քաղաքացիներին, փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով դժվարությամբ աշխատավայր հասնողներին, սահմանին կանգնած զինվորներին ու սպաներին, իր զինակից եւ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին»: Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ ստեղծված իրավիճակը մի քանի լուծում ունի, բայց դրանցից ոչ մեկին չի գնալու, պարզապես թողնելու է երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը: «Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը: Սահմանադրության համաձայն՝ 7-օրյա ժամկետում խորհրդարանական խմբակցությունները պետք է վարչապետի թեկնածու առաջադրեն: Ազգային ժողովն էլ վարչապետին կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մինչ այդ, վարչապետի լիազորությունները, օրենքի համաձայն, կկատարի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է գումարել եւ հաստատել կարգը: Կարապետյանը գործընկերներին բնականոն գործունեությունն անխափան շարունակելու կոչ է արել:

Այսօր առավոտից Երեւանում երթերը վերսկսվել էին: Մի շարք բուհերի ուսանողներ դասադուլ էին հայտարարել ու փողոց դուրս եկել: Ճանապարհին նրանց են միացել նաեւ մի խումբ զինվորականներ՝ զինված ուժերի խաղաղապահ բրիգադից: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ցուցարարներին միացած զինծառայողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, ամենախիստ պատիժն է կիրառվելու:

Իսկ նախօրեին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կարճատեւ հանդիպում ունեցան: Վարչապետն անակնկալի էր եկել՝ սրահում մեծ թվով լրագրողների տեսնելով: Նա նշեց, որ դժվար է այդ պայմաններում բանակցել, իսկ Փաշինյանը հակադարձեց. չի եկել բանակցելու, եկել է քննարկելու նրա հրաժարականի եւ իշխանությունն անցնցում փոխանցելու պայմանները: Սերժ Սարգսյանը սա շանտաժ որակեց:

Վարչապետի հեռանալուց հետո Փաշինյանը գնաց ցուցարարներին միանալու. բողոքի երթն այս անգամ որոշել էին սկսել Էրեբունի վարչական շրջանից: Արցախի փողոցում, սակայն, սաղավարտներով ու վահաններով զինված ոստիկանները փակել էին ճանապարհը: Ուժայինները ծխանռնակներ նետեցին ցուցարարների ուղղությամբ, բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին: Հետո բերման ենթարկվեցին նաեւ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:

Այսօր արդեն երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար նախագահ Արմեն Սարգսյանի մոտ էր հավաքվել երկրի բարձրագույն ղեկավարությունը, հանդիպմանը ներկա էին նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը: Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը լրագրողներին ասաց, որ գնում է Նիկոլ Փաշինյանին հանդիպելու, բացի այդ, դիմելու է գլխավոր դատախազին՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդությունը հետ կանչելու հորդորով: Ձերբակալվածների պահման վայրում Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին: Այդտեղից Փաշինյանը գնաց միանալու ցուցարարներին: Ժամը 19:00-ին արդեն Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք սկսվեց:

Արցախի պաշտպանության նախարարությունը շարունակում է տեղեկացնել հակառակորդի ակտիվության մասին: Գերատեսչության տեղեկացմամբ՝ շփման գծի ադրբեջանական կողմում կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր եւ կուտակումներ են: Առաջնագիծ է այցելել նաեւ երկրի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Նախարարի հավաստմամբ՝ իրավիճակը լարված է, բայց գտնվում է Արցախի բանակի վերահսկողության ներքո:

Դամասկոսում հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել: Բերիայի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից տեղեկացնում են, որ զոհվածը Անդրանիկ Հեմիտյանն է: Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի Սահնայա շրջանը:

Ապրիլի 23-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 587, ռուբլունը՝ 7 դրամ 74 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:

Ապրիլի 24-26-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն: